Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenians in Europe > Արթուր Ղուկասյան՝ Հայաստանից Հունաստան եւ Իսպանիա

Arthur GhukasianԱզատ-Հայ կայքին հանդիպումը Իսպանիա հաստատուած հայ լրագրող եւ հասարակական գործիչ Արթուր Ղուկասյանի հետ: 

Ամփոփ գիծերու մէջ կը բարեհաճի՞ք ներկայացնել դուք ձեզ եւ բացատրել թէ ինչ պայմաններու տակ հաստատուած էք Սպանիա (ո՞ր քաղաքին մէջ):

Իսպանիայում ես հաստատվեցի 2002 թ., երբ արդեն իսկ Հունաստանի քաղաքացի էի` մի հանգամանք, որ հնարավորություն էր ստեղծում երկրի սահմաններում օրինավորապես ապրելու և գործելու: Բնակության վայրս Վալենսիան ընտրեցի, քանզի հայության մի զգալի մասն սկզբից էլ հենց այստեղ էր հիմնավորվել և այս նույն քաղաքումն է գտնվում ամբողջ Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեռևս միակ պատվո հյուպատոսարանը, որն նստավայրն է նաև մեր արտաքին գործոց նախարարության դիվանագիտական ներկայացուցիչ Պրն. Մհեր Բադալյանի համար:

Շուտով ինձ միացավ նաև ընտանիքս, որի ներկայությունը շատ կարևոր եմ համարում ամեն տեսակ դժվարությունների հաղթահարման ճանապարհին.  իսպաներեն լեզվի ուսումնասիրությունից սկսած, մինչ` անդամակցությունը Վալենսիայի և Իսպանիայի Լրագրողների Միության, որոնցում, կարծեմ, ազգությամբ միակ հայն եմ հանդիսանում ու բոլոր ջանքերս եմ գործադրում ժողովուրդիս հետաքրքրող հարցերը լուսաբանելու համար: Բավարար է ասել, որ առաջին իսկ հոդվածս մասնագիտական Periodistas (Լրագրողներ) հանդեսում կոչվում էր` Բոլորս` Հրանտ Դինկ ենք: Ինքնին վերնագիրն, անշուշտ, արդեն ամեն ինչ ասում է:

Ամենամեծ հպարտությանս առիթն, սակայն, Մամլո Միջազգային Ակումբի անդամ ընտրվելն է, երբ առաջին անգամ հեղինակավոր այդ կազմակերպության մեջ հնարավորություն ստեղծվեց ներկայացնել Հայաստանն ու մեր խնդիրները: Այդ հանգամանքից օգտվելով, օրինակ, անմիջապես կարողացա արձագանքել Նախիջևանում հին խաչքարերի ոչնչացման ազերիների վայրագ գործողություններին և այսօր էլ վերոհիշյալ նյութը տեղադրված է ակումբի կայքէջում:

Եվ, ի վերջո, միայն այն փաստը,որ այդքան ու այդքան երկրների շարքում, այսօր հնչում է նաև Արմենիա անունն, ինձ համար եզակի ուրախության հիմնավորված պատճառ է:

Որպէս Հայաստանէն եկած անձնաւորութիւն ի՞նչ զգացումներ ունեցաք եւ կը շարունակէք ունենալ, երբ այլեւս փաստօրէն արտասահմանցի կամ ինչպէս կ՛ըսուի սփիւռքահայ դարձած էք: Հոգեկան գետնի վրայ ձեզ համար արդեօ՞ք աւելի դիւրին դարձած է հասկնալ սփիւռքահայը:

Ինչպես ես նշեցի արդեն նախորդ հարցի պատասխանում, արտասահմանյան կյանքն ինձ մոտ սկսվեց դեռևս 1992-ից Հունաստանում, ուր մեկնել էի ոչ թե գաղթականի կարգավիճակով, այլ քանի որ կնոջս տոհմի մայրական ճյուղը`հունական է և ԽՍՀՄ փլուզման նախօրյակներին Աթենքում ստեղծվել էր հայրենադարձության մի ծրագիր:

Բարեբախտություն եմ համարում Էգեյան ծովի ափին գտնվող Ալեքսանդրուպոլիս ոչ մեծ քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի հետ շփումներս: Շատերի նախնիներն հաստատվել էին այդտեղ ցեղասպանությունից էլ առաջ, երբ կառուցվում էր տեղի երկաթուղի ճանապարհը: Դեռ կենդանի էին համայնքի հայախոս ավագները, որոնց հետ միասին գնում էի Սուրբ Ավետիսը երգելու և ի շահ եկեղեցիի հանգանակություն հավաքելու։ Կամ`հյուրընկալվում էի անուշ ապուր համտեսելու: Նրանք շատ չէին համայնքի ներսում, բայց անչափ գործունյա էին: Երկու զավակներս էլ`Աննան և Նարեկը, այդտեղ են ծնվել: Ընդ որում, աղջիկս կնքվել էր տեղի ամենահին`1875թ. գործող հայկական եկեղեցիում և այդ կապակցությամբ Նոր աշխարհ հունահայ շաբաթաթերթում հետևյալ գրությունը տպագրվեց. Հայաստանի անկախացումեն ետք հայ ժողովուրդի զավակներուն մկրտությունը և օծումը Հայաստանեանց Առաքելական Եկեղեցւոյ միւռոնով, վերադարձավ իր հին ավանդական վիճակին: Ուրախ ենք որ մկրտության սրբազան խորհուրդի արարողությունը կը շարունակեն կատարել արտասահման արտագաղթած հայորդիները, իրենց կնքահայր դարձնելով սփյուռքահայ քոյրեր եւ եղբայրներ: Այս առթիվ ուրախալի է իմանալ, որ Ալեքսանդրուփոլիսի մեջ Տեր եւ Տիկ. Արթիւր և Գայիանե Ղուկասյաններուն դուստրը Աննան մկրտված է կնքամայր ունենալով Տիկ.Արաքսի Պլպուլեանը և որպես կնքահայրի փոխանորդ Պրն. Կարօ Գասեմեանը Վարձքերնիդ կատար։ Մի երկու ամիս անց էլ սկսվեց իմ համագործակցությունը Նոր աշխարհի հետ, որն իր շարունակությունը գտավ նաև Իսպանիայում։

Ես, ուրեմն, բացի սփյուռքահայության հետ շփումներից, նաև վերապրել եմ այդ վիճակը ավելի քան 16 տարի: Համեմատաբար հեշտ հարմալրվելով այլոց շրջանում, մշտապես, այդուհանդերձ, աշխատել եմ պահպանել ազգային ինքնությունս և հնարավորության սահմաններում, ներկայացնել նրա յուրահատկությունները օտար միջավայրի մարդկանց։

Ի՞նչ երեւոյթ կը պարզէ սպանահայութիւնը ներկայիս: Շատ հակասական տուեալներ կան մանաւանդ անոնց թիւին եւ աշխարհագրական տարածումին վերաբերեալ: Նաեւ յայտնի չէ թէ ի՞նչ ուժ կը ներկայացնեն եւ ինչպիսի՞ ներկայութիւն ապահոված են սպանական հասարակութեան մէջ:

Այսօր Իսպանիայում ապրող հայության կատարյալ մեծամասնությունը կազմված է Հայաստանից այստեղ ներգաղթած մեր համահայրենակիցներից, որոնք բնակվում են երկրի տարբեր վայրերում: Զգալի մասն էլ, ինչպես նշվեց արդեն, Վալենսիայում ու թե` Բարսելոնայում, Մալագայում և այլուր: Պաշտոնական տվյալների համաձայն, հայ բնակչության թիվն այստեղ հասնում է մոտովորապես 50 հազարի և այժմյան դրությամբ էլ դեռ նրանց զգալի մի մասը շարունակում է հոգալ ապրելու և աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Իսկ ինչ նրանց է վերաբերվում, ովքեր լուծել են արդեն վերոհիշյալ խնդիրները, նրանք, հապա, զբաղված են զանազան ոլորտներում. շինարարությունից ու գյուղատնտեսությունից սկսած մինչ` արվեստի տարբեր ճյուղերը: Ոմանք նաև զարկ են տվել սեփական գործարար ծրագրերին: Շատերն ուժերի ներածին չափով օգնում են Հայաստանում մնացած իրենց հարազատներին:

Ներքին կազմակերպվածության իմաստով չենք կարող, իհարկե, ասած լինել, որ հաջողվել է արդեն այնպիսի մի համայնքային կառույց ստեղծել, որպիսինը ճանաչել եմ ես Հունաստանում, այն մեկը`Հալեպում, երրորդը` Բուենոս Այրեսում և այդպես շարունակ:

Բացառություններ են եղել, որոնք հիմք են տվել կարծելու, թե մենք այդ ուղղության վրա ենք։ Դրանցից մեկն, օրինակ, Մեծ Եղեռնի 92-ամյակի կապակցությամբ Մադրիդում կազմակերպված խոշոր երթն էր, որը լայնորեն լուսաբանել եմ արդեն թե՜ Հայաստանում և թե՜ սփյուռքի մամուլում և որին մասնակից եղան շուրջ չորս հազար մարդիկ երկրի բոլոր վայրերից։ Երկրորդ կարևոր իրադարձությունը` Իսպանիայում առաջին խաչքարի տեղադրումն էր, որի բացումը կատարվեց Ալիկանտե քաղաքում, այդտեղ հավաքելով հարյուրավոր մարդկանց։ Դրանք, սակայն, առիթ չդարձան համայնքային ինստիտուտի սկիզբն դնելու համար։

Պարբերաբար, որևէ գյուղում կամ գյուղաքաղաքներում ինչ-որ միջոցառումներ են տեղի ունենում`իսպանացիների հետ համատեղությամբ, կամ`առանձին, որոնք առայժմ կարելի է գնահատել միայն որպես ընդհանուր խճանկարի մեջ երևացող ու շուտով նահանջող դրվագներ, քանզի որևէ ձևով չեն ընդգծում հայերի համայնքային գործոնը երկրում, այն էլ`ներկայանալի ու ազդեցիկ ուժի իմաստով, ինչպես է դա, ասենք, Ֆրանսիայում է, կամ`Կանադայում։

Ս. Էջմիածինն նշանակել է արդեն Իսպանիայի հոգևոր հովվին և հույս ունենանք, որ նրա ժամանումով լրջորեն կսկսենք աշխատել այդ ուղղությամբ։

Վերջերս ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉ անունով սպանացի հեղինակ երկրորդ անգամ ըլլալով գիրք մը հրատրակած է հայկական թեմայով: Կրնայի՞ք արդեօք այդ գիրքի հրատարակութեան պայմաններուն մասին խօսիլ, անդրադառնալով գիրքին ստեղծած արձագանգին մասին սպանական շրջանակներէն ներս: Կարելի՞ է մեզ նկարագրել նաեւ ձեր դերակատարութիւնը այս հեղինակի առաջին հայանպաստ գիրքի տարածումին մէջ

Ինքն իր մասին խոսելուց, 64-ամյա բարսելոնացի գրող և ճարտարապետ Գոնսալո Գուարչն , որն ապրում է հիմա Ալմերիա քաղաքում, այսպես է կատակում. Հայկական տոհմածառը գրելուց հետո, որևէ անհանգստության առիթով երբ իմ բժիշկին եմ դիմում, նա ասում է ինձ, թե.Ես գիտեմ, որ քո հիվանդության անունը` հայ ժողովուրդն է: Գործ չունես նրանցից: Ես էլ ճիշտ հակառակն արեցի ու ավելի շատ խորանալով, Հայկական կտակ վերնագրով վեպը գրեցի:

Ընդհունելով այդ կատակը, մենք էլ ասենք, որ շատ էլ լավ արեց նա իր բժիշկի խորհուրդը մերժելով, որովհետև արդյունքում իսկապես հրաշալի գեղարվերստա-վավերագրական մի հատոր ծնվեց, որի մեջ հորինվածը միայն հերոսներն էին, մինչդեռ դեպքերն ու դեմքերը` իրական: Այդտեղ ներառված են 1885-ից մինչև 1920թ. ժամանակահատվածն ընկած ողբերգական իրադարձությունները: Ընդ որում, հեղինակի ուշադրությունից չի վրիպել և ոչ մի փաստ. Օսմանյան բանկի գրավում, Սասունի ինքնապաշտպանություն, հայ ավանդական կուսակցությունների հայտնություն, մասոնական լոջիաների ժողովներ, եռակարավարություն, ցեղասպանություն Նույնությամբ. ընդգրկված են պատմական դեմքերը` Ք.Միքաելյան, Ա.Ֆրանս, Զորավար Անդրանիկ, դեսպան Մորգենթաու, Պատրիարք Իզմիրլյան, և այլոք: Հանդես են գալիս, պարզ է, նաև իրական դահիճները.Աբդուլ Համիդից սկսած, մինչ`Թալաատ, Էնվեր, Ջեմալ ու մինչ` Աթաթուրք:

Առանց չափազանցության, ցնցող մի հատոր է: Մինչ այն աստիճան, որ իսպանացի մեր բարեկամ Արմանդո Ֆերնանդեսը այն ընթերցելուց հետո, խորապես ազդված իննը օրինակ գնեց իր բարեկամներին նվիրելու համար և նկատեց. Թերևս, մեկ օր հասկանան, որ Գուարչը մեկ ազդեցիկ զենք է ստեղծել հայ ժողովուրդի համար ու ոչ թե լոկ գիրք գրել: Իսկ մադրիդցի լրագրող Անտոնիո Գարսիան էլ այնպես էր ցնցվել, որ վերջին գլուխը կարդալուց հետո, անմիջապես օդանավակայան էր գնացել, տոմս գնել, Երևան մեկնել` ճանաչելու համար թե ի՞նչ ասել է Հայաստան և հայ ժողովուրդ: Հետ վերադարձին, փնտրել ու գտել էր Գ.Գուարչին, հարցազրույց խնդրել իսպանական ռադիոյի համար և այդ զրույցը, որին ինձ ևս հրավիրեցին, մի քանի օր հետո տեղի ունեցավ: Ահավասիկ, ճիշտ էր Արմանդոն իր դիտողության մեջ: Բայց զենք լինելուց բացի այդ գիրքը այցետոմս է նաև` հրավերք գնալու և Հայաստանը ճանաչելու: Ուրեմն, այն նաև շուտափույթ թարգմանության կարիքը ունի: Կասեի. առաջին հերթին` ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:

Ինչ ինձ է վերաբերվում Դեռ ընթերցման պահին ես և՜ վերապրում էի, կարծես այդ ամբողջի ականատեսն եմ, և՜ հանկարծակիի էի եկել: Վերջին պարագայում որ հեղինակին հաջողվել էր թափանցել ոչ միայն հայ ժողովուրդի  պատմության, այլև` ինքնության մեջ: Նույն տրամադրությամբ էլ, անմիջապես նստեցի և մեկ գրախոսական գրեցի Հայկական կտակի համար, որն նախ Եվրոպայի Հայ Դատի կայքէջում տեղադրվեց, ապա նաև տպագրվեց France Armenie ամսագրի էջերում: Դրանից հետո առանձին ռեպորտաժ պատրաստեցի Հայլուրի համար,իսպաներենով նույն թեմայի շուրջ ելույթ ունեցա Ուրուգվայի Արաքս ռադիոյով, նյութ պատրաստեցի Եղիշե  համահայկական լրագրողական ցանցի և Նորավանք հիմնադրամի համար, Հակոբ Ասատրյանը հարցազրույց վերցրեց ինձանից նույն նյութի շուրջ, որն տպագրվեց նախ Ազգ թերթում, հապա` լույս տեսավ նաև իր կողմից  հրատարակվող Օրեր ամսագրում:

Այս մեկը հերթական առիթն է դրա մասին խոսելու և ես շնորհակալ եմ Ազատ-Հայի խմբագրությունից նման պատրվակ ստեղծելու համար:

Ձեր փորձառութեամբ ինչպէ՞ս կարելի է Հայաստանի եւ հայութեան վերաբերեալ նիւթեր տարածել եւրոպական երկիրներուն մէջ: Աւէլի ո՞վ կրնայ այդ գործը կատարել, Հայաստան թէ սփիւռք: Սպանական հասարակութիւնը հայութեամբ հետաքրքրուելու նշաններ ցոյց կու տա՞յ: Ի՞նչ նախակազմեալ պատկերացում կայ հայութեան մասին:

Նախորդ տողերում փոքր ինչ լուսաբանեցի արդեն, թե ինչ կարողացա անել մինչ այժմ: Վերջին կարևոր և էական նշանակություն ունեցող նորությունը օրերս Vega Mediapress լրատվական ծառայության հետ ձեռք բերված պայմանավորվածությունն է Հայաստանի և հայ ժողովուրդի վերաբերյալ նյութերի հրապարակման մասին: Այդ նպատակով սույն թվականի (2009) մարտի 20-ին ստեղծվեց գործակալության Armenia press բաժանմունքը: Եզակի դեպք, ասեմ ձեզ, որովհետև մինչ այժմ սփյուռքում հրատարակվել են մեր համայնքների կողմից խմբագրվող` հայերեն կամ օտար լեզուներով, պարբերականներ: Իսկ այս մեկը` օտար, զուտ իսպանական գործակալությունում, Հայաստանին նվիրված առանձին բաժին է, որն հնարավորություն կտա ի շահ մեր ժողովուրդի տարածել ցանկացած լրատվությունը: Ես նշանակվել եմ այդ բաժնի ղեկավարը:

Ընդհանրապես, այն օրվանից, երբ հաստատվեցի Իսպանիայում, անընդհատ հավաքել, ի մի եմ բերել հայությանը վերաբերվող բոլոր նյութերը: Դա ինձ հնարավորություն է տվել զատել կարևորը` երկրորդականից, արժեքավորը` լոկ սիրողական մակարդակից, ազգային նշանակություն ունեցողը` անձնական շահերի հետապնդումներից, արդյունավետ քայլերը` թեև գեղեցիկ, բայց և այդպես` ժեստերից: Եվ ընթացք տվել, բնականաբար, առաջինին: Նույն մոտեցումն ունեմ, երբ հարկ է լինում այստեղ ներկայացնել հայությանը վերաբերվող նյութերը և պարտականությունից բացի, նաև պատասխանատվությունն ունեցել, թե ինչ է լինելու ներկայացվածս, քանզի այս պարագայում մենք խոսում ենք մի երկրի մասին, ուր շատ քիչ բան գիտեն դերևս Հայաստանի մասին:

Անշուշտ, միայն մեկ կողմի փորձերն բավարար չեն: Ես չեմ կորցնում հույսս, որ սփյուռքն ու Հայաստանը կսովորեն գործնականապես մեկը մյուսի հետ աշխատել: Առավելևս, մի այնպիսիս հարցի շուրջ, որն վերաբերվում է յուրաքանչյուրիս հետաքրքրող լրատվության սփռմանը: Թե չէ, երբեմն որևէ արտոնագիր, կամ դրա պես մի փաստաթուղթ է անհրաժեշտ լինում հենց համազգային խնդիրներու շուրջ խոսելու համար, իսկ Երևանից, ասենք, կասկածամտությամբ են մոտենում, ձգձգում են, մերժում են: Նույն կասկածամտությունը կա նաև սփյուռքահայության շրջանում:

Առաջինն Իսպանիայում, ով խոսեց հայոց խնդրո շուրջ, հայտնի լրագրող և Մամլո Միջազգային Ակումբի (Club Internacional de Prensa) նախկին նախագահ Խոսե Անտոնիո Գուռիրանն էր իր մի քանի անգամ վերահրատարակված Լա բոմբա (Ռումբը) գրքում: Հիշեցնենք ընթերցողներին թե ի՜նչ պայմանների ներքո գրվեց այդ գիրքը, քանզի ըստ իս, մենք դեռ լավ չենք ընկալել այդ եզակի անհատականության ով լինելը: 1980թ., երբ նա տակավին հայտնի Պուեբլո (Pueblo) թերթի խմբագիրն էր, Խ.Ա. Գուռիարանը գնում է Մադրիդի Գլխավոր պողոտայում գտնվող կինոթատրոններից մեկում Վուդի Ալենի նոր ժապավենը դիտելու, բայց այդտեղ պայթած երկու ռումբերից մեկի պատճառով ծանր վիրավորվում և հիվանդանոց է տեղափոխվում: Հրաշքով բժիշկներին հաջողվում է նրա կյանքը փրկել, սակայն նա մի անողոք վճիռ է ստանում, որ ամբողջ կյանքում հաշմանդամ է մնալու: Ապաքինման շրջանում իսպանացի մտավորականը միայն մեկ հարց է տալիս. Ովքե՞ր էին: ԱՍԱԼԱ-ին պատկանող հայերը, -պատասխանում են նրան: Ի՞նչ է ԱՍԱԼԱ-ն, ովքե՞ր էին հայերը` բնավ չգիտեր մարդը: Գիտեր միայն, որ Հայաստան անունով մի հանրապետություն կա ԽՍՀՄ կազմում: Ուստի, Պատրիկ Դևեջյանի հետ բանակցությունների մեջ մտնելով, նա հանդիպում է պահանջում ոչ թե հրամանը կատարողների,այլ կազմակերպիչների հետ: Վերոհիշյալ հանդիպումը կայանում է 1982թ. Լիբանանում` Մոնթե Մելքոնյանի հետ: Շատ չանցած լույս է ընծայվում վերը նշված վերնագրով գիրքը, որի էջերում ամեն ինչից բացի, հեղինակը խոսում է նաև Հայաստան անունով մի երկրի, հայ ժողովուրդի և Հայոց Եղեռնի մասին:

Իսկ 26 տարի անց, երբ հանձ է առնում իր վրա գրելու երկրորդ`Հայեր. մորացված ցեղասպանություն վերնագրով գիրքը, իր հյուրասեր տանը ընդհունում է մարդկանց, որոնց հարազատները զոհվել էին ցեղասպանության օրոք, հապա նաև` այցելում Հայաստան ու Արցախ: Այդ գրքի մեջ պարունակված հուզիչ լուսանկարներից մեկը` հումանիստի այցելությունն էր Մ. Մելքոնյանի շիրիմին: Մոլինա դե Սեղուրա քաղաքում կայացած շնորհանդեսի ժամանակ ես հարցրեցի նրան, թե. Ւ՞նչ էիք զգում այդ պահին և նա պատասխանեց ինձ. Ես գնացի, մեկ ծաղկեփունջ դրեցի այդտեղ, մեկ րոպե լռությամբ հարգեցի Մոնթեի հիշատակը: Որ եկել եմ հարգանքի տուրքն մատուցելու Հայաստանի հերոսին`այդ էի զգում: Այն օրվանից, ի դեպ, երբ հրատարակվեց գիրքը, նրա շնորհանդեսներն այսօր` մեկ տարի էլ անց, չեն դադարում Իսպանիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և տարբեր հաստատությունների կողմից կազմակերպված: Եվ նմանօրինակ հետաքրքրությունն էլ պատճառ դարձավ, որպեսզի Իսպանիայում Թուրքիայի դեսպանն անցյալ տարի բողոքի նամակ գրի, հասցեագրված ինչպես գիրքը տպագրած Էսպասա (Espasa) հրատարակչատանը, նույնպես նաև` անձամբ հեղինակին: Նրանում թուրք դիվանագետը իրավունք էր վերապահում իրեն դասեր տալ իսպանացի մտավորականին, թե որևէ գրողի կամ լրագրողի գործը չէ ցեղասպանության մասին խոսելը, այլ` պատմաբաններինը:

Անցյալ տարի, երբ ես հարցրեցի նրան. Արդյոք պատասխանե՞լ եք այդ նամակին, Գուռիարանն ասաց. Ոչ, բայց ես հպարտ եմ, որ նրանք կարդացել ու չեն հավանել, որովհետև եթե նրանք հավանեին, կնշանակեր, որ ես ինչ-որ բան այնպես չեմ գրել: Մուրսիայում էլ այդ նույն հարցին նա այսպես պատասխանեց. Թող ո՛չ էլ սպասեն իմ գրավոր պատասխանին: Իմ պատասխանն հետևյալն է. այդ դեսպանը չի համապատասխանում իր պաշտոնին` մանավանդ մեր օրերում, երբ հարյուրավոր թուրք մտավորականներ իրենք են արդեն ներողություն խնդրում հայերից ցեղասպանության համար: Թող, ուրեմն, հանեն այդ մարդուն և մեկ այլ տեղ աշխատանքի տեղավորեն:

Նշենք, որ միայն մայրաքաղաք Մադրիդում ինն անգամ արդեն տեղի են ունեցել Հայեր. մոռացված  ցեղասպանություն գրքի շնորհանդեսները, որի համար հեղինակն ստացել է մինչ այժմ երկու մրցանակ` Մարսելի հայ համայնքի և Վեգա Մեդիա Պրեսս ու Մամլո Միջազգային Ակումբի Մուրսիայի բաժանմունքի կողմից շնորհված: Այդ երկրորդը ընդհունելով, հայասեր իսպանացին ասաց, որ նվիրում է այն Հայաստանին և հայ ժողովուրդին: Իսկ հրաժեշտի պահին էլ, դառնալով ինձ, ասաց. Գիտես. երկու գիրք`ես, երկու գիրք` Գոնսալո Գուարչը, երկու խոսք ` դու, երկու խոսք` Արմանդո Ֆերնանդեսը և այս դաշտը կընդլայնվի, հասարակական կարծիքը կձևավորվի ու կապող կամուրջներ կստեղծվեն:

Արմանդո Ֆերնանդեսը մեկ հայասեր իսպանացի է, որն իր գրադարանում ունի հայ ժողովուրդին վերաբերվող շուրջ 500 գիրք և նույն թեմայով հարյուրավոր տեսասկավառակներ: Նա ծանոթ է մեր պատմությանն ու ներկա անցուդարձերին հաստատապես ավելի լավ, քան շատ ու շատ հայեր: Չգիտեմ, կա՞ այսօր Իսպանիայում բնակվող որևէ համահայրենակից, որ գեթ 30 հատոր ունենա իր ազգի մասին: Արմանդոն, չնայած առողջական վիճակին, այցելել է Հայաստան, տեսել Օշականը, Ծիծեռնակաբերդը, Ցեղասպանության թանգարանը, ուսումնասիրել հայ մշակույթը: Նա կազմակերպել է Խիխոն քաղաքում Մեծ Եղեռնի 92-ամյակին նվիրված միջոցառում: Եվ, թեև վերջին վիրահատությունը ընդհամենը մի քանի օր առաջ են կատարել, հեռախոսով դարձյալ անելիքների մասին է կիսվում: Այդ նրա հոդվածն է 1915թ. Ապրիլի 24 վերնագրով  Արմենիա Պրեսսում:

Անտոնիո Գարսիայի, Գոնսալո Գուարչի և իմ զրույցը ռադիոյով առաջինն էր համաիսպանական հնչողությամբ, որի ընթացքում շոշափվեցին 1915թ. ցեղասպանության, Սումգաիթի ջարդերի, Նախիջևանի հին խաչքարերի ոչնչացման հետ կապված հարցերը։ Դա պատճառ հադիսացավ հեռուստատեության հետաքրքրքության համար ևս և ապրիլի 24-ի կապակցությամբ մենք առանձին հաղորդում ենք պատրաստելու։

Այս ամբողջ, սակայն, որքան ոգևորիչ, որքան անակնկալային, այնուամենայնիվ առանձին անհատականություններին է վերաբերվում և մենք շատ անելիքներ ունենք առջևում `իրոք այդ դաշտը ընդլայնելու իմամստով։

Ձեր գործերուն եւ տակաւին չհրատարակուած աշխատանքներուն մասին տեղեկութիւններ կը բարեհաճի՞ք փոխանցել: Ի՞նչ ծրագիրներ ունիք որ ժամանակի կամ այլ միջոցներու կը կարօտին:

Իմ լրագրողական գործունեությունը սկսվել է որպես փորձ, երբ ես դեռևս 15 տարեկան էիխ ռուսատար Կոմսոմոլեց թերթից։ Մեկ տարի անց` ընդհամենը 16 տարեկան հասակում, ես գրավեցի առաջին տեղը ստեղծագործական աշխատանքների մրցույթում և դարձա այդ մրցույթի հանրապետական փուլի դափնեկիրը ։ 1988-1990 թթ. կամավոր հիմունքներով մեկնեցի Արցախ և ուսուցչությամբ զբաղվեցի նրա գյուղերից մեկում` Սեյդիշենում, որն վերանվանվեց շուտով և դարձավ Խաչեն։ Այդ նույն ժամանակահատվածում համագործակցում էի Ասկերանի Կարմիր դրոշ (հետագայում` Խաչեն) թերթի հետ։

Ակտիվորեն մասնակցում էի արցախյան շարժմանը. գնում էի ցույցերին, հերթապահություն էի անում գիշերներով, բարեգոծական օգնություն եմ հասցրել մարդկանց, հանդիսացել եմ Երիտասարդական Բարեգործական Ընկերության նախագահը նույն Խաչենում, ելույթներ եմ ունեցել  հանրահավաքներին Ստեփանակերտում, Հրազդանում և թե այլուր։ 1991թ. մինչև Հունաստան մեկնելը աշխատել եմ Հրազդանի նորաստեղծ հեռուստատեսությունում։ 1992թ. նկարահանել եմ Ղարադաղլուի, Խոջալուի և մի շարք այլ արցախյան բնակավայրերի ազատագրումը։ Այդ ամենի կապակցությամբ գրում եմ հիմա արցախյան շարժման նվիրված գիրքս` որպես ականատեսի, մասնակիցի ու ամբողջը վերապրածի։ Սկսել եմ 1987թ., երբ ես էլ` Զեյթունի ուսանողական հանրակացարանի ուսանողս, ստորագրություններ էի հավաքում հանուն Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանին։

Սփյուռքում մինչ այժմ ապրելու տարիներիս Նոր աշխարհից բացի սիրով համագործակցել եմ Պոլսի հրաշալի Քուլիս ամսագիրի հետ։ Տարբեր առիթներով գրել եմ Մարմարաի և Ժամանակի համար։ Հոդվածաշար եմ ունեցել հունական Թրիիկոս անեմոս հանդեսում և Գնոմի թերթում։ Եգիպտոսի` Արև, Կանադայի` Ասբարեզ, Թուրքիայի` Ակօս, Ֆրանսիայի`France Armenie Կդժվարանայի հիմա թվարկել բոլոր երկրներն ու լրատվամիջոցները, որտեղ լուսաբանել եմ տեղի ունեցող իրադարձությունները։ Վերջին երկու տարիների ընթացքում էլ նյութեր եմ պատրաստում Հայլուրի համար։ Հանդիսանում եմ Օրեր ամսագրի և Եղիշե ցանցի թղթակիցը Իսպանիայում։ Առանձին գիրք է ` իսպանական թեման։ Մեզ մինչ այժմ թվացել է, թե այստեղ չկան տվյալներ հայության մասին, մինչդեռ իմ հավաքած աղբյուրները վկայում են, որ դեռևս 17-րդ դարից հայերն այստեղ իրենց հետքն են թողել։

Բայց այսօր հատկապես կցանկանայի նշել արդեն պատրաստ մի հատորի մասին, որի իրականացման գաղափարն ունեցել էի Հայաստանում ապրելու ժամանակ։  Խոսքը գնում է անտիպ զրույցների մի հիանալի շարքի մասին, որոնք ժամանակից դուրս են, հետևաբար` բոլոր ժամանակների համար։ Ուզում եմ ասել. երբեք  ժամանակին չեն ենթարկվում և չեն կարող ունենալ վաղեմության շրջան։ Այդ է պատճառը, որ ես մինչ այժմ դրանք ոչ մի տեղ չեմ տպագրել։ Որովհետև կազմել եմ էջ առ եջ մի գիրք, որի անհրաժեշտությունը կունենան բանվորներից մինչ մտավորականներ և ուսանողներից մինչ նրանց դասախոսներ` բոլորը։ Այդ հատորի մեջ իրենց մտքերով ու խոհերով են կիսվում հայտնի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են բանաստեղծներ Համո Սահյանն ու Գևոգ Էմինը, արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ասմունքող Սուսաննա Գաբրիելյանն ու դերասան Երվանդ Մանարյանը, արվեստաբան Հենրիկ Իգիթյանն ու իրավաբան Թելման Գդլյանն, քաղաքագետ Իգոր Մուրադյանը Համամարդկային և համազգային արժեքներ, գրողը և ժամանակը, 21-րդ դարը և արձակի խնդիրները, երաժշտության ծնունդն ու գաղտնիքը, ասմունքը` իբրև արվեստ, թատրոնը` որպես բարոյական մաքրության մի պայման, հանցանքն ու թալանված սեփական ժողովուրդը, այդպես եղավ և այդպես սկսվեց արցախյան շարժումը, գեղագիտությունն ու նրա դասերը. Ահա, եթե հնարավոր է համառոտ կերպով այդ ամբողջը նեկայացնել։

Այդտեղ նրանց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտվում հարցերի շուրջ, որոնցով մարդկությունը զբաղվել է ի սկզբանե։ Այնտեղ բացահայտումներ կան և եզրահանգումներ, զուգորդված իմ սեփական մեկնաբանություններով, որոնց նպատական է տվյալ զրուցակցի կյանքն, գործունեությունը, ինչպես նաև` այդ հարցին ընթացք տվող պատճառները և այլն, ներկայացնել։

Տակավին ձեռագիր վիճակում գիրքն, ընդհամենը մեկ օրինակով, Հայաստանում էր գտնվում։ Վերջերս էլ տարվեց Մոսկվա, որպեսզի հետո ինձ ուղարկվի։ Ամենաէական խնդիրն, անշուշտ, նրա տպագրության հարցն է, որի համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ ու հնարավորություններ։ Հուսանք, որ կգտնվեն մարդիկ, որոնք կհասկանան նրա նշանակությունը։


Added: Sunday, June 07, 2009
Hits: 6774
Comments: 1
[ Back to Article Index | Post Comment ]


 

Posted by Aslamazyan A. K. on Monday, November 02, 2009

Շնորհակալ եմ ձեր լուրի համար: Խնդրում եմ առանձին ֆայլով ուղարկել հոյակապ Հանդիպում Արթուր Ղուկասեանին հետ յօդուածն իմ Մտորում մշակութային հանդէս - լրագրում հրատարակելու համար: Հայերին միաւորելու առաջին պայմանը իրար միջեւ հոգեկան կապ ստեղծելն է: Ասլամազեան Ա.Կ.

        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.