Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenian-Russian Relations > Սավոկային ճամարտակութիւնների տակ թաղուած պատգամը

 

Կարէն Ա. Սիմոնեան

[Սավոկ  = Սովետական մարդ, Homo sovieticus]

Karen A. Simonian refers to the historical background of the Armenian-Russian relations and aspects of "cooperation" between the two nations on the political, economic and humanitarian levels. He finds out that the essence of the relationship continues to be Russian colonial expansionism. According to him, the current leaders of Armenia are trying to cover Armenia's dependence on Russia by glorifying the 20 years of independence after the Soviet rule. 

Հազար շեփոր հնչեն թող այս առաւօտ,
Հազար թմբուկ խփեն թող այս առաւօտ.
Լոյսի հեղեղ, լոյսի տօն է, խնդութիւն.
Հազար շեփոր հնչեն թող այս առաւօտ
Որ լինի մեծ այգաբաց. կառուցում ու յաղթանակ,
Որ սերունդների դիմաց մենք ամօթով չմնանք.
Որ ամէն մի տաշած քար ժպտան նրանց, երբ որ գան,
Որ դու լինես միշտ պայծառ, Սովետա[ռուս] Հայաստան։
Գեղամ ՍԱՐԵԱՆ

Ազատ խօսքով է միայն հնարաւոր լուսաւորել ժողովուրդին, որպէսզի կարելի լինի նրա ախտահարուած էութեան մէջ ներարկել ապաքինող ազգային ինքնագիտակցութիւնը եւ ազգային ներդաշնակութիւնը:

Կամ՝ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ

Բայց այդ ե՞րբ եւ ինչպէ՞ս եղաւ որ Հաւաքական Ուժ ունենալու պատգամը դարձաւ միասնականութիւն, միացում, միաբանութիւն եւ նմանօրինակ անհեթեթութիւններ, որպիսիք ընդունակ եղան կոտրել, ջարդուփշուր անել ՀԱՒԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ անգերազանց արժէքը։

Հաւանաբար լեզուական մարզանքները, որոնք սկսւում են այն պահից, երբ նահանջում է ԳՐԻ ԼԵԶՈՒՆ, երբ սավոկային տգիտութեամբ աղաւաղում, վերաքննութեան են ենթարկում Գրական Լեզուն, իսկ երբ վերջերս էլ նորայայտ տաղանդներն ու լեզուաշինարարները փորձում են պարզապէս այն սպանել, ուրեմն այդ մարզանքները սահուն անցում են կատարում դէպի պարզունակութիւն, եւ աւելին՝ լրբենի անգրագիտութեամբ իմաստազրկելով՝ սպանում են բառերն ու տերմինները։

Իսկ նրանք, որ ներկայացնում են գրական ընտրանին լուռ են Նրանք նոյնպէս հաստատում են իմ վաղեմի տպաւորութիւնը, թէ հէնց գրական փարախից է սկսուել այս ընդհանուր հոգեւոր-բարոյական անկումը նաեւ Հայոց Լեզուի մարզի մէջ։

Սավոկային գրողների միութեան մէջ չգտնուեց գոնէ երեք հոգի, որ ահազանգեն աղէտի մասին որ ընդդիմադրեն իրենց նախրապանի ու ամենայն հայոց մեծերի դաւադրութիւնը Հայերէնի, Հայեցի մտածողութեան, Հայերէնի այբուբենի եւ Ուղղագրութեան դէմ

Որքան էլ ոմանց ականջին տարօրինակ հնչի, բայց իրականութիւնն այն է, որ հայերի գլխին մէկը միւսի ետեւից բարդուող թշուառութիւնները իրար լեզու չհասկանալու եւ հայերենին չտիրապետելու պատճառով կանոնաւոր ու սովորական Խօսքը չըմբռնելու հետեւանք են Կոկորդները պատռելով միասնականութիւն գոռալով՝ հայրենադաւ իշխանութիւններն ու նրանց մանկլաւիկները ջլատում են ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺԸ Քանի որ նոյնպէս հայերէն չգիտեն Եւ այս գործողութիւնն արդէն իսկ ազգային դաւաճանութիւն այնքանով, որքանով կարգախօսական պոէզիայի ձախավէր հեղինակների աւանդները իւրացնելով, Հային թոյլ չեն տալիս գործնական լինել՝ սեփական աղբահորից դուրս գալու ճամբան բռնելու համար։

Նախագահական ու վարչապետական բարձունքներից ինչ որ անդէմ խմբեր են յայտնւում, եւ խոստանալով, թէ առնուազն չեն լռելու՝ իրենց սավոկային շռինդով կաթուածահար են անում ժողովրդի զգօնութիւնը։ Այդ չլռող երիտհայերը ասպարէզ են եկել իրենց աղմուկ-աղաղակով գործնականը խափանելու յանձնարարութեամբ։ Եւ սեպտեմբերեան այս օրերին, երբ բացայայտւում են նաեւ բանակի ու ոստիկանութեան գեներալների ոճրագործութիւնները, Օրուէլի Անասնատան ոչխարների օրինակով շարունակ մայում-յիշեցնում են, թէ՝ բա չէ՞ք տեսնում որ Հայաստանը արդէն քսանամեայ անկախ երկիր է։ Ինչը նրանց ջատագովների ջանքերով իմաստափոխւում է իբրեւ ամօթանք Եւ ամէն բան տեղին է, մնացել է սարի սմբուլ երգելը իբրեւ ժողովրդական իմաստութիւն՝ լսւում է բոլոր այն առիթներով, երբ նկատելի է դառնում յիրաւի գործելու որեւէ ցանկութիւն։

Իմաստափոխուած բառեզրերով, բազմաթիւ հոմանիշ բառեր վաղուց պետականացուած եւ անգոյն մի լեզուաշիլայով մթնոլորտը լցուած է խանդավառ յայտարարութիւններով, որոնց իմաստը բնաւ չեն հասկանում ոչ հեղինակները եւ ոչ էլ ակամայ ունկնդիրները։ Այսպիսով, Հայաստանի իրական վիճակի մասին ճշմարտութիւնը աւելի ու աւելի է թաղւում ստի, կեղծիքի եւ հայրենասիրական ինքնախաբէութեան աղմուկի մէջ Անիմաստ, բայց դաւադիր մի աղմուկ....

Իսկ Ճշմարիտը յայտնի է։  

Յայտնի է հետեւեալ հրապարակումով.

1991 թւականի Դեկտեմբերի 8-ին Բելոռուսական Բելովեժեան շրջանում Բորիս Ելցինը (Ռուսաստան), Ստանիսլավ Շուշկեվիչը (Բելոռուս) եւ Լեոնիդ Կրավչուկը (Ուկրաինա) ստորագրեցին Համաձայնագիր այն մասին, որ Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւնների Միութիւնը դադարեցնում է իր գոյութիւնը։

Փաստաթղթի մէջ մասնաւորապես նշուած է, որ ՍՍՀ Միութիւնը իբրեւ միջազգային իրաւունքի սուբիեկտ եւ աշխարհաքաղաքական իրականութիւն դադերեցնում է իր գոյութիւնը։


Համաձայնագրի 1-ին Յօդուածը արձանագրում է. Բարձրագոյն Պայմանավորուող Կողմերը ստեղծում են Անկախ Պետութիւնների Համագործակցութիւն (ԱՊՀ)։

Համաձայնագրով յայտարարուել է այն ձգտումի մասին, որ ունեն Կողմերը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային եւ միւս մարզերի միջեւ համագործակցութեան հետագայ զարգացման ուղղութեամբ։

1996 թւականի Մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնակցային Ժողովի Պետական Դուման ընդունել է № 157-II ГД Որոշումը այն մասին, որ Բելովեժեան Համաձայնագիրը չի ունեցել եւ չունի իրավաբանական ուժ այն մասով, ինչ վերաբերում է ՍՍՀ Միության գոյությունը դադարեցնելուն։ Քանի որ այդ որոշումը չի ունեցել քաղաքական ռեալ հետեւանքներ։

1996 թւականին Ռուսաստանի Նախագահ Բորիս Ելցինը հայտարարել է, որ զղջում է Բելովեժեան համաձայնագիրը ստորագրելու համար (ընդծումները իմն են ԿԱՍ)։

Այսքանից յետոյ դեռ որքա՞ն ենք զբաղուելու ինքնախաբէութեամբ։ Մինչեւ ե՞րբ է այդ գիջութիւնը բթացնելու մեր ժողովրդի որձակ ոգին։

Բայց գուցէ Հայաստանը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային եւ միւս մարզերի մէջ Կրեմլի ու Մոսկուայի հետ որեւէ համագործակցութիւն չունի՞։

Համագործակցութիւն ի հարկէ՛ չունի։

Հայաստանը ՉԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ։ Հայաստանը սուսիկ­փուսիկ, հնազանդօրէն կատարում է բոլոր այն հրամաններն ու յանձնարարութիւնները, որպիսիք ստանում է 21-րդ դարի աւանդական իր Տիզբոնից։

Թռուցիկ նկատենք համագործակցութիւն կոչուող բաղադրիչների իրական բնոյթները։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԶ - 1991-ից ի վեր անկախ Հայաստանի նախագահները մետրոպոլիայի դրածոներն են, Մոսկուայի կողմից յանձնարարուածները, իսկ աւելի ճիշտ՝ նշանակուածները։ Այսպիսով,  նախագահական եռեակը մէկ դէմք ունի եւ այդ դէմքը ռուսականն  է, ուստի բնականաբար՝ Կրեմլի ցանկասիրութիւնները պատրաստակամօրէն ու հաճոյքով բաւարարող  նախագահական եռագլուխ կամ եռադէմ  մարմինը։ Եւ ապա՝ Հայաստանը չունի արտաքին քաղաքականութիւն ո՛չ թէ այն պատճառով, որ արտաքին գործերի սեփական ենթակայութեան նախարարներ չի ունեցել (բացառութեամբ Րաֆֆի Յովհաննիսեանի), որոնք ընդունակ լինէին միջազգային քաղաքական ասպարէզի մէջ զարգացնել հայ ժողովրդի ազգային պետութեան շահերը։ Հայաստանը արտաքին քաղաքականութիւն չի ունեցել եւ չունի, քանի որ եղել է ոչ թէ ազգային պետութիւն, այլ Կրեմլի յանձնակատար նեո­գաղութ։ Երբ Մոսկուան ճանաչեց Լիբիայի ընդդիմութիւնը, գաղութային Հայաստանի սատրապները յաջորդ օրն իսկ նոյնը ճանաչելու մասին յայտարարութիւն արեցին, տեղեակ չլինելով որ Հայաստանը դիւանագիտական հարաբերութիւն չունի այդ երկրի հետ։ Մոսկուան ոխերիմ թշնամի է յայտարարել Միացեալ Նահանգներին։ Եւ բանից պարզուել է որ Հայաստանի բոլոր չարիքներն ու ողբերգութիւնները ծայր են առել Վաշինգթոնից եւ երիտհայերի խառնիճաղանջ ու երբէք չլռելու կարգախօսներով ջոկատները նոյնպէս փորձում են ոխերիմ թշնամու կերպար ստեղծել մի երկրից, որտեղ ոչ թէ նախագահական իշխանութիւնն է ժողովրդի տիրակալը, այլ ժողովրդի իշխանութիւնն է գերակայում նախագահական համակարգի նկատմամբ։ Մոսկուան բոլորովին անպատեհ մի զօրախումբ ունի Հայաստանի մէջ (վերջապէս, Հայաստանն էլ իրենն է, չէ՞ քանի որ, յիշեցնեմ՝ Բելովեժեան Համաձայնագիրը չի ունեցել եւ չունի իրավաբանական ուժ )։ Զօրագունդը տեղակայուել է իբրեւ թէ  հային օտարների ոտնձգութիւններից պաշտպանելու համար։ Քանի որ դա մեծ եղբօր անսահման հոգատարութիւնն է, հետեւաբար զօրակայանի համար հայը ոչ թէ վարձ է ստանում, որպիսին ստանում են Ուկրաինան Սեւաստոպոլի նաւակայանը կամ Ղազախստանը՝ Բոյկանուրը Մոսկուայի կողմից  օգտագործուելու դիմաց, այլ իր աղքատիկ միջոցներով պահում-շահում է թէ՛ ռուս զինուորներին եւ թէ՛ ռազմական խարսխակայանը։ Դեռ աւելին՝ պարզամիտ Հայը իր կիրակոսների հորդորներով հպարտանում է չեկիստական ռազմատենչ կայսրութեան հաւատարիմ սպասեակը լինելով եւ հարկ եղած դէպքում առաջին ռումբը իր վրայ ընդունելու դերաբաշխումով։ Կերակրում է, խնամում է իր երկրի զաւթիչներին եւ նոյնիսկ 19-րդ դարի գերեզմանոց է յօրինում, քանի որ, երկիրը նրանն է, ով ներխուժելուց բացի նաեւ արիւն է թափել այն զաւթելու համար։ Իսկ գերեզմանոցը այսուհետեւ վկայելու է հէնց այդ թափուած ռուսական արիւնը Այո, ի հարկէ Հայաստանը նուաճուել է ռուս զինուորի արեան գնով, գեներալ Պասկեւիչի Կանոնադրութեամբ եւ Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի ջանքերով պարսկահայաստանի տարածքից հայերին տեղահանելու փաստով Իսկ մի քանի տասնամեակ յետոյ Մոսկուայի յանձնարարութեամբ Բաքուն հայաթափեց նաեւ կայսրութեան երբեմնի Նախիջեւանսկի գուբերնիան Այսօր էլ նոյն Մոսկուայի յանձնարարութեամբ Երեւանն է հայաթափում կայսրութեան երբեմնի Էրիվանսկայա գուբերնիան։ Երբեմնի Ելիզաւետպոլսկայա Գուբերնիան կը լինի Բաքուի բերանին դրած մոսկովեան  սանձը Իսկ Կարսսկայա Գուբերնիան էլ ճիշտ ժամանակին նուիրաբերուեց թուրքերին՝ իբրեւ այդ տարածքը յաջողութեամբ հայաթափելու արժանի վարձատրութիւն։

Իսկ Հա՞յը Հայը ինքն իրեն հաւատացնել է ուզում որ թէ՛ զօրագունդը, թէ՛ այդ զօրագնդին պահել­շահելը եւ թէ զավթիչների գոյութիւն ունեցող կամ չունեցող շիրիմները աչքի լոյսի պէս պահելը ազգային գաղափարախօսութիւններից մէկի փաստական արտայայտութիւնն է։ Հայի այդ հաւատը մեծ եղբոր բարեկամութեան նկատմամբ առաջնային արժէք է ընկալւում եւ այդ կեղծիքը այնպիսի ուժգնութեամբ է մեխուած մեր կիրակոսների ուղեղների մէջ, որ նրանք մի տարօրինակ աստուածուրացութեամբ բամբասում եւ փախչում են իրենց Քրիստոնեական Հաւատքից, հետեւաբար՝ երկու հազարամեակի պատմութիւնից եւ սեփական մշակութային բացատիկ արժէքներից։ Արդիւնքը տեսանելի է Միւս մարզեր ծածկագրի տակ գործող դոկտորական կոչումներով քաղաքական ոստիկանութեան գնդապետների մշակած ազգային գաղափարախօսութիւն յորջորջուող քարոզչական յօրինուածքները հալած իւղ ընդունած Հայը դեռ չի հասկանում,  որ Յիսուսի Եկեղեցին եւ կրօնական կղերը բոլորովին տարբեր երեւոյթներ են։ Ուստի կղերականների յանցագործութիւնները, ապիկարութիւններն ու շահատակութիւնները որեւէ փաստարկ չէն կարող լինել Քրիստոս Յիսուսի վարդապետութիւնը մերժելու համար։ Եւ աւելին. երբէք եւ ոչ մի մայրցամաքի վրայ բարեկամ ժողովուրդներ չեն եղել, քանի որ բարեկամութիւն անել վերացական մի հաւաքականութեան հետ՝ պարզապէս անհեթեթութիւն է։

Իսկ հայկական բանա՞կը Հայկական բանակի զօրանոցների մէջ հայ երիտասարդութեանը կտտանքների, խոշտանգումների ենթարկելով ու նրանց գանգամաշկեր քերթելով են զուարճանում փողոցային-գողական սպաները եւ գեներալները։

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐԶ - Հայաստանի մէջ Հայը որեւէ արտադրութիւն չունի։ Շարքից ելած եւ այսօր արդէն նախնադարեան գործարանները ռուս օլիգարխների սառեցրած սեփականութիւնն են։  Իսկ ժողովրդի տնտեսական եւ հետն էլ քաղաքական ողբերգական վիճակը մեր հղփացած կիրակոսները ամէն կերպ փորձում են անհեռանկար ապագայ ներշնչել նավթ չունենք փնթփնթոցով այն դէպքում, երբ նավթից էլ արժէքաւոր ոսկին, պղինձը, մոլիբդենը, հազուագիւտ տարրերը, պերլիտը հումքային վիճակում դատարկւում են ընդերքից ու երկրից։ Միայն Զոդի հանքի պաշարը 120 տոննա մաքուր ոսկի է։ Ոսկերչական ալմաստի 2009 թուականի արդիւնահանութիւնը եղել է աւելի քան 70 հազար կարատ, որ 14 կիլոյից աւելի է։ Իսկ երէկուայ գջլոտ գողականները նոյնքան տոհմազուրկ նախագահ-վարչապետների հետ ձեռք-ձեռքի տուած այսօր դարձել են բրազիլացի պարուհիներով հարսանիքներ անող, աֆրիկական տափաստաններում առիւծների որսորդութեան գնոցող եւ երիտասարդ զինուորին, ով իբր թէ հայրենիքի պաշտպան պէտք է լիներ, իրենց անունով երդուելու խստավարժեցնող միլիարդատէրեր  Սրանցից հաշիւ պահանջողներ չկան։ Սրանց դիմաց խաղ չկա՝ ինչպէս իրենք են լրբենի յայտարարութիւններ անում։ Ուստի իրենք են Կրեմլի բեմագրութեամբ ներկայացնում այն թատերախաղը, որի աւարտը լինելու է Հայաստանը մորթազերծարան տանելը

Եւ թատերախաղի աւարտին կիջնի վարագոյրը, երկիրը կը խորասուզուի արարքցեանական խաւարի մէջ, բայց դժուար է գուշակել, թէ արդեօք Սփիւռքի հայերնասէր բարերարներ Քիրքորեանները, Հովնանեանները, Ազնաւուրները եւ միւսները, որոնց արձանները դեռ չէն դրուած ամայացող հայրերի երկրի այս բզկտուած կտորի վրայ՝ աշխարհը կը թնդացնե՞ն արդեօք իրենց բուռն ծափահարութիւններով

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՐԶ - Հայեցի դպրոցները ռուսական դպրոցների ձուլարաններով փոխարինելու ծրագիրը հետեւողականօրէն իրականացնելն արդէն իսկ բաւական է համոզուելու համար թէ որպիսին է ահագնացող աղէտը։ Հայոց լեզուի նկատմամբ արիւնարբու հարձակումը սկսուեց Քաղաքական ոստիկանութեան հետ համագործակցութեան ուխտ կնքած Կրեմլի դրածոյի նախաձեռնութեամբ։ Ազգային ժողովի երեսփոխանի, պետական կառավարումի ոլորտի պաշտօնեայի եւ գրեթէ մէկուկէս տասնեակ նուիրեալների ջանքերը տապալուեցին. նրանք տանուլ տուեցին  Հայոց լեզուի փրկութեան համար իրենց մղած պայքարը։ Խաւարի, սառնամանիքի եւ յուսաբեկութեան մէջ յայտնուած յանապազոր հացի կարօտեալները հնարաւորութիւն չունէին ոտքի կանգնել ի պաշտպանութիւն Հայերէնի, որ նաեւ մեր հինաւուրց ժողովրդի անսասան ու անպարտելի հայրենիքն է եղել։ Կարճ ժամանակ անց, երբ ուսումնական տարուայ ընթացքին հազիւ մէկ­երկու ամիս դպրոցի ճամբան կտրող սերունդը եկաւ առանց հայրերի ընդվզումի պատմութեանը տեղեակ լինելու, արդէն կեղծիքներով ու ընտրակաշառքով շինուած պետական մարմինները իբրեւ առօրէական ու կենցաղային մի ճշմարտութիւն՝ հրապարակեցին նախագահական պալատի մէջ թխուած ուրախ նորալուրը. Ռուսերէնը մտել է մեր կենցաղը։ Սրան հետեւեց սավոկային ակադեմիկոսի խորիմաստ յայտնագործութիւնը. Առանց ռուսերէնի անհնար է հայ լինել։ Հայերէնի դէմ ծաւալուած այս ռուսասէր- հայրենասիրութեան արդիւնքին Ստալինեան մրցանակի դափնեկիր եւ ամենայն հայոց բանաստեղծուհի յորջորջուող Homo sovieticus-ը հրապարակօրէն պահանջեց ռուսական դպրոցների փակման ու ռուսերէնի ճնշման պատճառ դարձած Լեզուի տեսչութեան պետ Վ. Միրզոյեանին վանել այդ աշխատանքից այն ցինիկ հրահանգի հիման վրայ որ կատարել էլ միջակութեան փայլուն ներկայացուցիչ Կրեմլի դրածոն, հրապարակելով, թէ ներկայումս անհրաժեշտ է իրականացնել առաւել հաւասարակշռուած քաղաքականութիւն հայոց լեզուի համար։

Աստուա՜ծ իմ  աւելի հաւասարակշռուած քաղաքականութիւն հայո՞ց լեզուի համար։

Իսկ ինչո՞ւ՝ ոչ Հայերէնով անհնար է խօսել ու բացատրուել սովետական հայրենիքում։

Քանի որ՝

Մենք՝ հո՜ծ մեր երկիրը՝ անծա՜յր,
Բայց ինչպէ՞ս հասկանանք իրար։
Ասէ՛ք,
   թէ չլինէր
        ռուսաց լեզուն

Ամենայն հայոց բանաստեղծուհու հերթական այս կարգախօսը աչքի լոյսի պէս են պահել առաջադիմական կոմունիստները եւ ՊԱՀՈՒՄ-ՊԱՀՊԱՆՈՒՄ է Տէր Պետրոսեան-Քոչարեան-Սարգսեան Կրեմլի եռադէմ դրածոն, ով հետեւողական եւ անտաղանդ թատերական ներկայացումներով չոր է պահում իր չեկիստական վառոդը՝ վառոդամանների մէջ։

Ոչ հեռու անցեալին հայկական բանակի երիտասարդ զինուորներին դէմ առ դէմ գնդակահարող, իսկ շատ մօտ ապագային ոչ աւելի ու ոչ պակաս՝ ազգային հերոսի կոչում ստացած Վ. Սարգսեանը, որի հերոսականութիւնը Ազգային ժողովի ամբիոնի վրայ վրիժառու հայի գնդակը վաստակելն էր, 1999-ի Սեպտեմբերին լինելով երկրի գործող վարչապետը այդ նոյն Վազգէն Սարգսեանը, ով ժողովրդական ցասումի եռքի ժամանակ ջրի երես յայտնուած մտային կարողութեան կարօտ մէկն էր այն աստիճան, որ մորմոքւում էր, թէ ինքը նախագահ լինել չի կարող, քանի որ ռուսերէնին չի տիրապետում այդ նոյն Սարգսեանը, որին հայ հասարակութեան ստորաքարշ եւ ազգադաւ ոլորտները պղծելով ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԻ ԱՐԺԷՔԸ՝ յայտարարեցին սպարապետ որի գերեզմանը ուխտատեղ դարձնելու համար թէեւ ապարդիւն, բայց վերջին հաշուով յանուն ոճրագործի ծանակեցին Անդրանիկ Օզանեանի աճիւնը Ուրեմն այդ նոյն Սարգսեանը (ի դէպ, այդ ոլորտների բարոյական խլութեամբ յայտնի սարգսեանների միջեւ որեւէ զանազանութիւն չկայ) ստորագրեց բացայայտ, բոլորովին անթաքոյց, հետեւաբար անամօթ մի որոշում, որպիսին չէին համարձակուել ստորագրել բոլշեւիկ ապազգայինները։ Նրա հերթական այս ապօրինութիւնը 1996-ի Սեպտեմբեր 22-25-ի իր անմիջական մասնակցութեամբ կազմակերպած եւ իրականացուած պետական յեղաշրջումի տրամաբանական շարունակութիւնն էր,

Այդ հանդուգն ու ցինիկ որոշումը գաղտնիք մնաց հայ հասարակութեան համար եւ նոյնիսկ բացայայտումից յետոյ Հայաստանի կամ Սփիւռքի մամուլը ոչ մի տող չհրապարակեց, ի բացառեալ Փարիզի Յառաջ օրաթերթի։ Բայց դրանից յետոյ էլ մեր հայրենիքի կարօտով տոչորուողները որեւէ ծպտուն չհանեցին։

Հրապարակումի աղբիւրը Փարիզի Русская Мысль (Ռուսական Միտք) թերթն էր՝ 2000 թուականի Յունիս 25­ին։

Ահաւասիկ.

Յունիս 20-ին յայտնի դարձաւ որ այս տարուայ Սեպտեմբերից Հայաստանի 60 դպրոցների մէջ սկսուելու է ռուսաց լեզուի խորացուած ուսուցում։ Հայաստանի մէջ Ռուսաստանի դեսպանութիւնը պատրաստակամութիւն է յայտնել կողմի կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը տրամադրել մի շարք առարկաների ռուսաց լեզուով ձրի դասագրքեր։
1999 թուականին Հայաստանի կառավարութիւնը հաստատել է Ռուսաց լեզուն Հայաստանի կրթական եւ մշակութային-հասարակական համակարգի մէջ հիմնադրոյթը։ Այդ ծրագիրը նախատեսնում է մշակել ռուսաց լեզուով պետական կրթական ստանդարտ, եւ աշխատանքի որոշակի փորձ ու բարձրորակ կադրեր ունեցող դպրոցներին իրաւունք ընձեռել կազմակերպելու ռուերէնի խորացուած ուսուցում։

(Ի դէպ այս հիմնադրոյթը նոյնպէս ներկայացուել է իբրեւ ազգային գաղափարախօսութիւն)

Այն հարցը, թէ ընդհանրապէս ի՛նչ են նշանակում խորացուած եւ մակերեսային ուսուցումներ, եւ հայերէնը Հայաստանի դպրոցների մէջ խորացուա՞ծ ուսուցում է եղել, թէ մակերեսային, այս դէպքում պարզաբանելու կարիք չունենք, քանի որ թերթի լրատուութիւնը կարդալով, քիչ թէ շատ ուշիմ մարդը միայն քմծիծաղ կը տայ Նրա համար, ինչպէս եւ մէզ՝ բոլորիս համար պարզից էլ պարզ է որ նախագահամերձ պետական պաշտօնեաները ներդաշնակուելով Ռուսաստանի օրուայ դեսպանի այն արտայայտութեանը, թէ՝ Իսկական հայրենասէր հայը պէտք է ռուսամէտ լինի իրականացնում են Մոսկուայի պահանջները եւ Հայաստանի մէջ ռուսական դպրոցները վերականգնելու գործողութիւնները մի նոր ու վճռական թափ ստացան մեր այս տագնապալի ժամանակներին։ Իսկ Զօրավար Գարեգին Նժդեհի փառապանծ անունը պղծող ժամանակակից կոմսոմոլները, ովքեր Հայի Հայրենիքը նոյնացնում են  խամաճիկ եռադէմ նախագահի եւ ստախօս վարչապետի անձերին, խանդավառութեամբ զօրաւիգ են իրենց աւագների բոլոր դաւադիր եւ նենգաբարոյ արարմունքներին։
Քանի որ կրկնողութիւնը գիտելիքի եւ իմացութեան մայրն է, ուրեմն կրկնենք.

Իսկական հայրենասէր հայը պէտք է ռուսամէտ լինի կարգախօսով երեք երեսանի բայց միեւնոյն սեւահոգի նախագահները 1991-ից ի վեր իրականացնում են Մոսկուայի պահանջները՝ Բելովեժեան Համաձայնագրի 1-ին Յօդուածին լիակատար հաւատարմութեամբ։ Եւ, ինչ խօսք, հաւասարակշռուած քաղաքականութիւն են իրականացնում հայերէնի համար, որի հետեւանքով մայրենի լեզուն ճզմուելով վերանում է՝ սպանելով նաեւ հայի անմահ հոգին։

Մնացին ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՒ ՄԻՒՍ ՄԱՐԶԵՐԸ Դրանք էլ թողնում եմ իմ Ընթերցողին, որպէսզի համատեղ բաժանենք մեր տառապանքները՝ համոզուելով, որ Բելովեժեան Համաձայնագիրը չի ունեցել եւ չունի իրաւաբանական ուժ այն մասով, ինչ վերաբերում է ՍՍՀ Միության գոյութիւնը դադարեցնելուն։

Այս ամէնը, ինչ զրուցեցի, հաւաստի հրապարակութիւններ են եւ, ուրեմն, բանիմաց Ընթերցողի համար նորութիւններ չէն։

Մնում է միայն եւս մէկ անգամ կրկնել, թէ Հայաստանը նոր պատմութեան պարբերութեան մէջ ազատ եւ ինքնուրոյն տէրութիւն է եղել միայն 1918-20 թւականներին։ Այդ տէրութիւնը միջազգային ճանաչում է ունեցել իբրեւ Արարատեան Հանրապետութիւն (Զօրավար Գարեգին Նժդեհի բանաձեւն է)։ Ունեցել ենք եւս մի ազատ եւ ինքնուրոյն տէրութիւն ստեղծելու կարճատեւ միջոց (Զօրավար Գարեգին Նժդեհի յայտարարած Սիւնիք պետութիւնը)։ Բայց մեր այս երկու տէրութիւններն են տրորուել են ռուսական բիրտ սապոգի տակ։
Առաջին Աշխարհամարտին իր պարտութեամբ վերջնականապէս չփոշիանալու նպատակով կայսրութիւնը ցարական բռնատիրութիւնը փոխարինեց կոմունիստական բռնատիրութեան դիմակով եւ եօթը տասնամեակ աշխարհի վեցերորդ մասի հարիւրից աւելի ժողովուրդներին վախով ու սարսափով խստավարժեցնելու շնորհիւ ի դէմս Հայաստանի՝ ունեցաւ վախի ճիրանների մէջ իր Աստուածատուր ազատութիւնից հրաժարուած, ստրկամիտ, հիւսիսային արջի գրկի մէջ խեղդուող եւ մեռնող հաւատարիմ բարեկամ հային, ով պատրաստ էր 20-րդ դարում ինք զինքը զոհաբերել համաշխարհային յեղափոխութեան բագինին, իսկ 21-դարում արդէն բանականութիւնը կորցրած՝ հնազանդօրէն դատարկում է հայրապատկան բզկտուած երկրի վերջին բեկորը՝ այն թողնելով իբրեւ ռուսական զաւթիչ բանակի առաջապահ գոտի՝ ռազմական Vorposten։

Քանի որ այս իրականութիւնը պէտք է զեղծուէր, ուստի մեր կիրակոսները որոշեցին իբրեւ քաղաքակիրթ տէրութիւն՝ Հայաստանի ողբերգութեան  երկու պարբերութիւնները համարակալել իբրեւ  հանրապետութիւններ։ Մատրոսսկայա Տիշինայի բանտախցի մէջ ծախու առնուած հերթական հացկատակը իբրեւ հերթական սատրապ ստանալով Հայաստանի ու Հայի հոգեւարքը արագացնելու բոլոր հնարաւորութիւնները, իրականի մէջ լինելով կասեանների, միասնիկեանների, խանջեանների, արուտինովների, քոչինեանների, դեմիրճեանների տրամաբանական եւ իրական շարունակութիւն, հայերի զոոլոգիական գետնաքարշ տեսակի կողմից յայտարարւում է իբրեւ առաջին Բայց պատմական ճշմարտութիւնն այն է, որ այս հերթականին յաջորդած եւս երկու հերթական սատրապները Շահումեանից մինչեւ Միկոյեան ու Կասեանից մինչեւ Դեմիրճանի  cloning-ներն են՝ կլոնները։

Բայց ինչո՞ւ սկսեցի իմ այս զրոյցը օրհասական մեր իրականութեան մասին Իրականութիւն՝ որ բացայայտ է Ի՞նչ եմ առաջարկում Մի՞թէ  սնամէջ զրուցողները առանց ինձ էլ քիչ էին
Իսկապէս

Ի հարկէ, ես ոչինչ չեմ առաջարկում Քանի որ քաղաքական մեր շատ փորձառու գործիչների կողքին եւ երկու տանամեակ շարունակ ազգային գաղափարախօսութիւն որոճացող փիլիսոփաների ներկայութեամբ իմ աշխատանքը աւելի քան համեստ է ու անիմաստ Ես սոսկ մի զրուցող եմ։

Եւ ահաւասիկ իմ զրոյցը ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ եւ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՄՔԻ մասին, որպիսիք այսօր սավոկային լեզուա-ճամարտակութեամբ վերածուել են միացում, միաբանութիւն, միասնականութիւն, չենք լռելու, դատարկ թմբուկի աղմուկ-աղաղակի

Միլանը գտնւում էր ավստրիական բռնատիրութեան ճիրանների մէջ։ Զաւթիչների զօրամասը տեղակայուած էր Միլանի մերձակայքին եւ, պատկերացնո՞ւմ էք, նոյնիսկ առանց քաղաքակիրթ պայմանագրի եւ խորհրդապաշտական 49 տարիների ներկայութեան խոստումով։ Խորհրդապաշտութեան 49-ը շատ կարեւոր է, քանի որ ունի 7x7 մոգական կերպարանքը, ինչը եւ նուաճուած երկրի ու նրա ժողովրդի երջանիկ կեանքի նախապայմանն է 7x7 մոգական կերպարանքը այլ կերպ մեկնաբանելիս պարզւում է որ ավստրիական կայսրութիւնը, ինչպէս բոլոր զաւթիչները, անկասկած ամէնից առաջ հոգ էր տանում ժողովրդին օտարից պաշտպանելու համար։

Այս հոգատարութեան դիմաց միլանցիներն էլ իրենք էին պահում-շահում, կերակրում-զուարճացնում բանակին։

Այդ բարեգործութիւնը կազմակերպուած էր շատ խելացի կերպով։ Միլանի տեղական ծխախոտի արդիւնաբերութիւնը ինձ համար բոլորովին անյայտ պարտքի դիմաց, սեփականացրել էր հաբսբուրգեան կայսրութիւնը։ Արտադրութիւնից եկած շահոյթն էլ գնում էր զաւթիչների կայազօրին։

Քանի որ իտալացիները գրեթէ նոյնքան խելացի են եւ ճկուն տրամաբանութիւն ունեն, անմիջապէս հասկացան որ իրենց ծխելու շնորհիւ է, որ ավստրիացի զինուորները վայելում են զօրանոցային երանելի եւ կուշտուկուռ կեանքը։

Հաբսբուրգեան գերութիւնից ազատուելու որեւէ հեռանկար չունէին միլանցիները, քանի որ քաղաքի հայրերը նոյնպէս վայելում էին իրենց հանգիստ, երանելի եւ կուշտուկուռ կեանքը օտար զավթիչի կայազօրի շնորհիւ։

Կայազօր, որ պատրաստակամ էր նրանց պաշտպանել անբարիշտ ու անշնորհակալ քաղաքացիների ոտնձգութիւններից։

Խնդիրը լուծեցին Միլանի համալսարանականները, ովքեր առանձնապէս ոչ հայրենասէրներ էին եւ ոչ էլ ինչ որ անհասկանալի բաների պահանջատէրեր։ Ուրեմն, այդ խակ ու անհասկացող երիտասարդներից մի քանիսը որոշեցին պայքարել ծխելու դէմ Ես հիմա էլ զարմանում եմ, թէ այդ ի՞նչ անհասկանալի երեւոյթ էր, որ սրճարաններում ծուխ բքող երիտասարդները յանկարծ միաձայն հաւանութիւն տուեցին եւ 1848 թւականի Յունուարի առաջին օրերից Միլանի երիտասարդները եւ ապա մնացեալ բնակչութիւնը դադարեցին ծխել

Ի դէպ, նրանք ոչ միայն ծխելուց հրաժարուեցին սրճարանների մէջ, այլեւ ընդհանրապէս նրանք չէին ծխում նաեւ իրենց տներում, եթէ նոյնիսկ վկաներ էլ չկային։ Իմ կարծիքով այս հանգամանքը անձնական պատասխանատուութեան եւ ներքին կարգապահութեան օրինակելի երեւոյթ է։ Ավստրիացիները առժամանակ անց միայն կռահեցին որ միլանցիները ծխելուց հրաժարուելով, փաստօրէն անօթի են թողնում կայազօրի զինուորներին Բնական է, գործը հասաւ ոչ միայն սպառնալիքներին, այլեւ զէնքի ուժով ծխելը պարտադրելու փորձերին Բայց ծխելուց կտրականապէս հրաժարուողներ յայտնուեցին նաեւ հարեւան քաղաքներում Իտալական ծագումով իշխանութիւնները մի քանի որոշումներ հրապարակեցին այն սպառնալիքով, թէ խստագոյնս կը պատժեն բոլոր նրանց, ովքեր կը փորձեն դրդել, որ որիշները եւս չծխեն

Հաբսբուրգեան զինուորները քաղցը հագեցնելու համար սկսեցին կանաչի ու արմտիքներ որոճալ, եւ նրանց վիճակը գնալով աւելի ու աւելի էր ծանրանում

Մի խօսքով, շուրջ տասը շաբաթ տեւեց ծխելու դէմ այս զարմանալի ընդվզումը։ Արդէն Մարտ ամսի կէսերին միլանցիները իրենց միասնական ԿԱՄՔԻ եւ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՒԺՈՎ, անկախ իրենց մասնաւոր, անձնական ու քաղաքական անցեալ ու ներկայ համոզմունքների ու դիրքորոշումների՝ համընդհանուր զինեալ ապստամբութեան ելան  հաւատարիմ բարեկամ զաւթիչների դէմ։ Ծայր առաւ ազատագրական պայքարը, որի իմաստը թոյլ չէին տուել, որ թաղուի ազգային գաղափարախօսութիւնների առատութեան տակ։

Այսպէս սկսուեց ոչ միայն Միլանի ազատագրութեան գործը, այլեւ բաժան-բաժան Իտալիան Ջուզեպպէ Գարիբալդիի առաջնորդութեամբ դարձաւ ԻՏԱԼԻԱ պետութիւն։

Հետաքրքիր է այս պատմական անցուդարձի աւարտը։

Երբ գործն արդէն արուած էր, Գարիբալդին՝ թէեւ իտալացի, բայց տարօրինակ կերպով  ազգային մեր հայ բնոյթին հաւատարիմ՝ լքեց երկիրը՝ իր հետ տանելով մէկ պարկ բանջարեղէն, մէկ պարկ սերմ՝ բանջարանոցը մշակելու համար, եւ մի կապ էլ չորացած ձուկ։

Այս առիթով Ալեքսանդր Գերցենը գրեց. Նա մի բուռ մարդկանցով յաղթեց մի ամբողջ բանակի, ազատագրեց վիթխարի մի երկիր, որտեղից նրան ճամբեցին ճիշտ այնպէս, ինչպէս կառապանին են ճամբում կայարան հասնելուց յետոյ։

Եկայ, հասայ աւարտին ու այնպէս էլ չհասկացայ, թէ ինչու սկսեցի այս բոլորովին աւելորդ զրոյցը։ Թէեւ, անշուշտ, ուղարկելու եմ թերթերին ու պարբերականներին։ Ո՞վ գիտէ, գուցէ նրանցից մէկն ու մէկը կը հրապարակի Եւ եթէ լինեն ընթերցողներ, ովքեր խելքի մօտ պատասխանի որեւէ տարբերակ կունենան իմ այսօրուայ խոհագրական արկածախնդրութեան վերաբերեալ, գուցէ թէ նաեւ ծանր ու թեթեւ կանեն իրենց բարեկամների ու ընկերների հետ Ես էլ եմ հաճախ մտքումս ծաղրում ոչինչ նորութիւն ասող եւ կամ ինքն իրեն շատ խելացի մարդ ներկայացնող հեղինակներին։ Կարծում եմ, ինձ եւս յուշողներ կը լինեն, թէ ի վերջոյ իմ այս զրոյցը ընդամէնը պարապ ժամավաճառութիւն էր

Սեպտեմբեր, 2011
Փարիզ

http://www.scribd.com/Karen_A_Simonian
http://karensimonian.blogspot.com/


Added: Monday, September 12, 2011
Hits: 2880
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.