Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Armenian Cause (Hay Tad) > Ավստրալիան` այդքան հեռու ու այդքան մոտ

Ara Babian 

Գրեց՝ Արա Պապյան

Ավստրալիան առանձնահատուկ է ու բացառիկ: Այն առանձնահատուկ է իր աշխարհագրական դիրքով և բացառիկ իր պատմական անցյալով: Ավստրալիան լինելով աշխարհի միակ աշխարհամաս-պետությունը ձևավորել է յուրօրինակ ինքնություն, որը հանդարտության ու գործնականության համաձուլվածք է: Այդ երկրից կենցաղային հանդարտություն և տնտեսական գործնապաշտություն է ճառագում: Մի խոսքով` աշխարհից այդքան հեռու, սակայն աշխարհին այդքան մոտ:

Խիստ ուսանելի է Ավստրալիայի անցած ուղին: Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որ նախկինում դրախտավայր են եղել, սակայն այսօր բանտ են դարձել բաց երկնքի տակ: Դարեր շարունակ լինելով Բրիտանական կայսրության բանտ-աքսորավայրը, ներկայիս Ավստրալիան աշխարհին ցույց է տալիս, թե ինչպես օրինապաշտ հասարակությունը և ազատ տնտեսությունը բանտը կարող են դարձնել դրախտավայր: Ավստրալիայի անցած ուղին բռնության մերժում է, իսկ նրա ներկան բռնատիրության ու կապանքների նկատմամբ ազատության առավելության ամենացայտուն օրինակ:

Աշխարհի վրա հայ համայնքների տեղաշարժով կարելի է ճշգրտորեն հետևել համաշխարհային տնտեսության զարգացման պատմությանը: Որպես պետականազուրկ ազգի զավակներ և հիմնականում զրկված լինելով քաղաքական բարձունքների հասնելու հնարավորությունից, հայերն առավելապես ինքնահաստատվել են գործարարության դաշտում: Բնականաբար, Ավստրալիայի քաղաքական բարությունն ու տնտեսական հնարավորությունները գրավիչ են եղել և են հայերի համար:

Ներկայումս Ավստրալիայում ապրում է 40-50 հազար հայ: Ճշգրիտ թիվը որևէ մեկը չգիտի: Ըստ էության, չի էլ կարող իմանալ, քանի որ հիմնականում ներգաղթելով Միջին արևելքից, հայերը պետության կողմից հաշվառվում են ըստ ծագման երկրի: Հայերն հիմնականում ավանդական գաղթօջախներից են` Լիբանան, Սիրիա, Իրան, Եգիպտոս: Ավստրալիայում կյանքումս առաջին անգամ հանդիպեցի Լիբիայում` Մուըամար Քադաֆիի հայրենիքում, ծնված հայի: Հայաստանցիներ դեռ քիչ կան, սակայն, Հայաստանը դատարկվելուն զուգահեռ, շատանում են: Ինչպես ամենուր Ավստրալիայում էլ հայերն ունեն եկեղեցի, դպրոց, ավանդական կառույցներ: Ինչպես ամենուր այստեղ էլ երիտասարդությունը հեռանում է եկեղեցուց, դպրոց պահելը տարեցտարի դառնում է ավելի դժվար, իսկ ավադական կառույցները կարող են գործել, եթե նրանց աշխատանքներին մասնակցում է նոր սերունդը:

Ահա այդ ավանդական կառույցներից մեկի` Ավստրալիայի Հայ դատի (Armenian National Committee of Australia) հանձնաժողովի հրավերով էլ այս նոյեմբերին տասնօրյա աշխատանքային այցով գտնվում էի Ավստրալիայում: Ի դեպ, ինձ վրա բացառիկ դրական տպավորություն թողեց հիշյալ կազմակերպությունը: Ինչպես նշել էի վերը, Ավստրալիան մի շարք առումներով բացառիկ է:

Ավստրալահայությունն էլ բացառիկ է Հայ դատի հանձնաժովովի հարցով: Նախ Հայ դատի հանձնաժողովի բոլոր անդամները երիտասարդ են, դեռ երեսուն էլ չկան: Բոլորը` Վարանդը, Հայկը, Սթիվը, Վաչեն, Ռայմոնդը և այլք, թեև ծնվել են Ավստրալիայում, սակայն միանգամայն հայախոս են և լավատեղյակ են հայ ժողովրդի պատմությունից և Հայաստանի ներկայից: Հայ ժողովրդի պատմության և հայոց լեզվի իր գիտելիքներով հատկապես աչքի էր ընկնում Հայ դատի հանձնաժողովի ատենապետը` Վարանդ Մկրտչյանը: Կրկնում եմ այս երիտասարդները բոլորն էլ ծնվել են հեռավոր Ավստրալիայում: Երբ խոսում էի այս երիտասարդների հետ, հիշում էի հայաստանյան այն, այսպես կոչված քաղաքագետներին, ովքեր տարիներ ապրելով Հայաստանում և իրենց հացը վաստակելով Հայաստանի մասին խոսելով, այդպես էլ հայերեն չեն սովորում: Միգուցե իրենց մայրենի լեզուն սովորելն իրենց պատվից ցածր են համարում:

Ավստրալահայերի ներկա քաղաքական կյանքը` այսինքն Հայ դատի գործունեությունն, ունի մի առանձնահատկություն ևս: Նրանք յուրաքանչյուր տարի նոյեմբեր ամսին կազմակերպում են Պահանջատիրության շաբաթ (Advocacy week). Ինձ համար մեծ պատիվ է, որ ես եղա առաջին հայաստանցին` հրավիրված մասնակցելու Պահանջատիրության շաբաթի աշխատանքներին: Տեսնե՞ս մի օր Հայաստանում էլ Պահանջատիրության շաբաթ կունենանք: Գոնե ներկայումս իբր հայոց պետականության իբր կառավարությունը նպատակահարմար չի համարում տարեկան գոնե մեկ օր Պահանջատիրության օր ունենալը: Տեսնես ո՞ր կամ ո՞ւմ նպատակներին հարմար չի: Պատկերացնում եք չէ՞, միլիցու օր ունենք, կագեբիստի օր ունենք, իսկ Հայրենատիրության օրը նպատակահարմար չի:

Վերադառնանք բուն այցիս: Մի քանի պարբերություն վերը այցս աշխատաքային անվանեցի, որովհետև հայ դատի գրասենյակի լավ կազմակերպած աշխատակարգի շնորհիվ այն իսկապես աշխատանքային էր, հուսամ նաև արդյունավետ: Երկիր ժամանելու հաջորդ իսկ օրը` նոյեմբերի 16-ին, առավոտյան ժամը 5-ին Սիդնեյից մենք ուղևորվեցինք մայրաքաղաք Քանբերրա և ժամը 9-ից արդեն հանդիպումների մեջ էինք խորհրդարանի պատգամավորների հետ:

Հետաքրքիր զուգադիպությամμ այդ օրը Ավստրալիայի խորհրդարանում Ազգային ներողության օր էր (National Apology Day), այսինքն Ավստրալիայի խորհրդարանը երկրի անունից ներողություն էր խնդրում իր այն զավակներից, որոնց նկատմամբ տասնամյակներ առաջ անարդարություն էր գործադրել: Քսաներորդ դարի ընթացքում գրեթե կեսը միլիոն երեխա բաժանվել էր հարազատ ընտանիքից և հանձնվել պետության խնամքին: Պետք է ենթադրել, որ մտադրությունը բարի է եղել` երեխաներին բերել են հեռավոր շրջաններից, հավաքել են անառողջ և ծայրահեղ աղքատ ընտանիքներից, ուզել են կրթել և ապագա տալ: Սակայն այսօր հասկանում են, որ, չնայած բարի մտադրություններին, այդ երեխաներին ու նրանց հարազատներին տառապանք են պատճառել ու անցյալի համար այսօր ներողություն են խնդրում: Ես կանգնած էի Ավստրալիայի խորհրդարանում, լսում էի Ավստրալիայի վարչապետ Քևին Ռուդի (Kevin Rudd) և ընդդիմության առաջնորդ Մալքոլմ Թյորնբալի (Malcolm Turnbull) ցավի ու ներողության խոսքերին և մտածում էի, որ Ավստրալիան դրանից դարձավ ավելի վեհ, ավելի ուժեղ, իսկ տառապյալների հոգին խաղաղվեց: Միայն ուժեղները կարող են ներողություն հայցել: Ես մտածում էի, թե արդյո՞ք երբևէ մեր հոգիները խաղաղվելու են, թե Թուրքիան, օգտվելով մեր պատեհապաշտ և եսակենտրոն իշխանությունների վարքից, Հայոց ցեղասպանությունը ծամծմելու է բյուրոկրատական սեղանատամով և մեզ զրկելու է համազգային ապաքինման հնարավորությունից:

Քանբերրայում երեք օրվա ընթացքում` նոյեմբերի 16-18-ին, առանձին հանդիպումներ ունեցանք ավելի քան երեք տասնյակ պատգամավորների հետ և հիմա կարող եմ որոշ եզրահանգումներ անել: Առայժմ քննարկումների մանրամասներն ու պայմանավորվածությունները դուրս եմ թողնում, քանի որ դեռ դրանց բացահայտելու ժամանակը չէ:

Իրավիճակը ճիշտ հասկանալու համար նախ մի քանի հիմնական տեղեկություններ Ավստրալիայի խորհրդարանի մասին: Այն երկպալատ է` ունի Սենատ (76 անդամ, պաշտոնավարման առավելագույնը վեցը տարի) և Համայնքների պալատ (150 անդամ, պաշտոնավարման առավելագույնը երեք տարի): Թեև ավստրալական քաղաքական դաշտում դերակատարություն ունեն 6-7 կուսակցություն, բայցևայնպես բուն պայքարն արդեն տասնամայակներ ի վեր ընթանում է Աշխատավորական կուսակցության (Labor Party) և Ազատական կուսակցության (Liberal Party) միջև: Ներկայումս Աշխատավորականներն են կառավարում: Ի դեպ աշխատավորականներն իսկապես աշխատավորներին են ներկայացնում, իսկ ազատականներն ազատականներին: Թե չէ մերոնց պես` նժդեհականներն ուզում են ամրագրել հայոց ցեղասպանության հետևանքները:

Քանբերրայի եռօրյա այցի ընթացքում մեզ հաջողվեց հանդիպումներ ունենալ գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Բնականաբար, քննարկվող հիմնական հարցը Ավստրալիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Պատգամավորների/սենատորների ճնշող մեծամասնությունը, բացառությամբ երկու-երեքի, տեղյակ էին Հայոց ցեղասպանության մասին և նրանց հիմնական մասը միանշանակ հայտարարեց - Կասկած չունի, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է: Սակայն ասյտեղ է սկսում վերաբերմունքի տարբերությունը: Նրանց մի մասն հայտարարեց, որ քաղաքական զգայնությունների (political sensitivities) պատճառով նպատակահարմար չէ (ծանոթ ձևակերպում է, չէ՞) այժմ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Սրանց վերաբերմունքը ցավալի էր, անընդունելի, սակայն հասկանալի էր: Ամենացավալին այն խմբի վերաբերմունքն էր, որ հայտարարեց, (դիվանագիտական լեզվից թարգմանած հայերենի) թե հայերն առաջնորդվելով իրենց շահով թուրքերի հետ իրենց հարցերը լուծել են: Հետևաբար, ինչո՞ւ պիտի իրենք հարվածի տակ դնեն իրենց շահերը և փչացնեն իրենց հարաբերությունները թուրքերի հետ: Զույգ տխրահռչակ արձանագրությունների ստորագրումից հետո իշխանության և մերձիշխանական ներկայացուցիչները, որոնցից և ոչ մեկը մեկ օր իսկ չէր զբաղվել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացով, շնչակտուր կրկնում էին, որ արձանագրությունները չեն վնասի, այլ կօգնեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ավստրալիայի խորհրդարանում գլխիկոր նստած շատ էի ուզում, որ այդ պահին նրանք կողքիս լինեին:

Աշխարհում դեռ կան մարդիկ, որոնց համար սկզբունքները վեր են ամեն ինչից: Մեր հույսը նրանք են: Հետևաբար, չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում մեր խիստ վնասաբեր քաղաքականությանը, այսուհանդերձ պայքարը պետք է շարունակել: Եթե արձանագրությունները վավերացվեն, այդ պայքարը տասնապատիկ դժվար է լինելու, սակայն անհույս չէ: Դա ես զգացի Ավստրալիայի խորհրդարանում, որտեղ պատգամանվորների մի որոշակի խումբ հստակ արտահայտվեց` անկախ իրենց կառավարության դիրքից, անկախ իրենց կուսակցության դիրքորոշումից, իրենք հանդես են գալու Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, որովհետև իրենց համար դա առաջին հերթին անարդարության մասնակի վերականգման և ճշմարտության հաղթանակի հարց է: Նրանցից մեկն ասաց. Իմ ընտրատեղամասում 4500 թուրք ընտրող ունեմ և 100-ից պակաս հայ, սակայն ես ձեր կողքին կլինեմ: Որպես պատգամավոր ես պարտավոր եմ պաշտպանել արդարությունը: Ու երբ հաջորդ օրն ինքը զանգեց հստակ հարցերով, ես հասկացա, որ մարդը պարապ խոսքեր չէր շռայլում: Տպավորվել է նրա մի միտքը - Եթե հանցագործը չի պատժվում, ապա գոնե հանցագործությունը պիտի դատապարտվի: Այո, պատգամավորները տարբեր են լինում: Ոմանք նաև սկզբունքներ ունեն:

Ավստրալիայում բնակվող սկզբունքային մարդկանցից պիտի հիշատակեմ Հարավային Ավստրալիայի (South Australia) նահանգի գլխավոր դատախազ Մայքլ Աթքինսոնին (Michael Atkinson), որի հետ միասին մենք պատվո հյուրեր ու հիմնական բանախոսներն էինք Պահանջատիրության շաբաթի ժամանակ: Հարավային Ավստրալիան Ավստրալիայի վեցը նահանգներից մեկն է, ունի գերթե մեկ միլիոն քառ. կմ տարածք և երկու միլիոնից պակաս բնակչություն: Հայեր գրեթե չկան, փոխարենը կան բազմաթիվ թուրքեր: Ահա այս մարդու ջանքերի շնորհիվ ամիսներ առաջ հիշյալ նահանգի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Տվյալ պարագայում ինձ համար ոչ միայն ինքնին ճանաչումն է կարևորը, այլ նման մարդկանց առկայությունը: Նման մարդիկ են, որ թույլ չեն տալիս վերջնականապես հիասթափվել մարդկությունից: Դեռ ամեն ոք չէ, որ շահով է առաջնորդվում, ամեն ինչ չէ, որ շահով է որոշվում:

Ավստրալիան Կանադայի եղբայր է: Նրանք նույն հորից են, սակայն տարբեր մորից: Ըստ այդմ, իմ կանադական փորձն ինձ հնարավորություն տվեց կարճ ժամանակահատվածում ընկալել այդ երկիրը: Ես վաղուց եմ նկատել ` երկրները մարդկանց նման են: Նրանցից ոմանք բնածին սրիկա են, ոմանք արդարության հետամուտ մարտիկներ: Ավստրալիան երկրորդ խմբից է: Առաջիկա տարիներին մենք ևս առիթ կունենանք դրանում համոզվելու: Այդպիսին է Ավստրալիան` այդքան հեռու ու այդքան մոտ: 

22-28 նոյեմբերի 2009, Սիդնեյ- Օտտավա


Added: Monday, November 30, 2009
Hits: 4091
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.