Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > National concerns > Մշակութային ազգ՝ անմշակոյթ ղեկավարներով

Artsvi PakhchinyanSummary: Artsvi Pakhchinyan comments on an article by Diasporan Armenian intellectual and writer Krikor Bldian, in which he was saying that the Armenians were not culturally oriented nation. Pakhchinyan says history has shown that Armenians have left many examples of cultural achievements in arts, architecture, literature, etc. He mentions that during Soviet times books were published in big quantities. Now, Internet and dire economic conditions have obliged Armenian citizens to neglect reading. Consecutive governments after independence did not provide the needed support for promoting culture. The result was deterioration of cultural taste. Diasporan Armenian intellectual and actor Berj Fazelian refers to the cultural scene in the Diaspora to be as barren as it is in Armenia. Diasporan Armenian leaders did not want (or were not able) to understand the true value of culture. As a result, our schools, publications and language are all in bad shape.

Artsvi Pakhchinyan's article has appeared in the December 2010 edition of "Literary Horizon" (Canada), edited by Vrej-Armen Artinian.

Մշակութային ազգ՝ անմշակոյթ ղեկավարներով

Արծուի Բախչինեան

Մենք քաղաքագէտ ազգ չենք։ Մենք կռուող ազգ չենք։ Մենք գիտնական ազգ չենք... Կարծում էինք, թէ գոնէ մշակութային ենք, բայց արի ու տես, որ հիմա էլ դա է հերքւում։

Ոչ մշակութային ազգն իր պատմական տարածքով եւ հարեւան երկրներով մէկ ճարտարապետական կոթողների մի հսկայական քանակութիւն չէր սփռի, աշխարհի մատենադարանները չէր լցնի հարիւր հազարաւոր ձեռագիր մատեաններով, համաշխարհային մշակոյթի անդաստանում չէր ունենայ հեռու եւ մօտ ներկայացուցիչների մի աւելի քան ստուար բանակ՝ հին դարերից մինչեւ մեր օրերը։ Արդեօք նո՞յն ժողովուրդն ենք,- հարց է տալիս Գրիգոր Պըլտեանը։ Իհարկէ նոյնն ենք։ Խորհրդային տարիներին Հայաստանի ամենահեռաւոր գիւղերում անգամ կային գրադարաններ, իսկ մարդկանց տների մեծ մասում՝ լեցուն գրադարակներ, երաժշտական գործիքներ, ամենից յաճախ՝ դաշնամուր, պատերին՝ նկարներ: Ժամանակներն էին ուրիշ։ Տասնեակ հազարաւոր տպաքանակով հրատարակուած գրքերը սպառւում էին, քանի որ չկար ո՛չ համակարգիչ, ո՛չ համացանց, ո՛չ ժամանցի վայրեր, եղած հեռուստաալիքներն էլ՝ ընդամենը մի քանիսը։ Իսկ այժմ երեւան եկած այս նոր բաներին աւելացրէք հայաստանցու հանապազօրեայ հացը վաստակելու ամենօրեայ վազվզուքը, եւ պարզ կը դառնայ, թէ անցեալի (եւ Գրիգոր Պըլտեանի յիշած 650 հազար իսլանտացիների) հետ համեմատած ինչու է նա պակաս ընթերցող դարձել...

Ռուս երգիչ Ֆեոդոր Շալեապինը մի առիթով ասել է. Հայը եթէ նոյնիսկ պարզապէս ինչ-որ բանի մէջ թաթախուի, նա արուեստի գործ կը ստեղծի...։ Այս խօսքն ինձ յիշեցրեց մի մոսկուացի արուեստագէտ, որը, երեւանեան թանգարաններից յագեցած, հիմա էլ հիացական զարմանքով նայում էր երեւանեան Վերնիսաժի արհեստա-արուեստական գործերին։

Գրիգոր Պըլտեանի հետ մի կէտում լիովին համաձայն եմ, այն, որ մենք մշակութային քաղաքականութիւն չունինք, ատիկա կը նշանակէ ծրագրաւորում եւ դէպի դուրս ներկայութիւն։ Մեր՝ թուացեալ մշակութային ազգ չլինելը բացատրւում է հիմնականում ա՛յս երեւոյթով։ Վերջին քսան տարում հայ մշակոյթը Հայաստանի ներքին քաղաքականութեան համար մշտապէս մնաց ստորին տարր՝ նրա գործիչների հանդէպ գրեթէ պետական անտեսումով, նրա օջախների գլխին պարբերաբար կուտակուող ֆիզիկական ու հոգեկան ոչնչացման սպառնալիքներով (յիշենք Մատենադարանի շուրջ ստեղծուած աղմուկը՝ նրա մի թուայնացուած պատճէնն ԱՄՆ-ում ստեղծելու շուրջ եւ կամ Ազգային պատկերասրահի շէնքի առաջին յարկը ռեստորանային համալիր դարձնելու ծրագիրը), էլ չասած պարբերաբար փոփոխուող մէկը միւսից անկապ նախարարների մասին, ովքեր հերթով դալլաքութիւն էին սովորում որբի գլուխ դարձած հայ մշակոյթի վրայ...

Այսօր Վրաստանում դարձեալ ծաղկում են ապրել բալէտն ու խաղարկային շարժանկարը՝ մշակութային ճիշտ քաղաքականութեան արդիւնքում, իսկ մեր բալէտի արտիստներն օտար բեմեր են զարդարում, շարժանկարն էլ դոփում է տեղում։ Այո՛, նոյն Վրաստանը ոչնչացնում է իր տարածքի հայկական յուշարձանները, բայց կոկում-պահպանում է իր մայրաքաղաքի հին ժառանգութիւնը, ոչ թէ մեր նոր հարուստների պէս Երեւանի եղած մի քանի հին շինութիւնները ջնջում երկրի երեսից ու փոխարէնը շարում քաղաքի տեսքն աղաւաղող արդիական շէնքեր՝ յանուն իր գրպանի։

Թուրքմենստանի նախկին նախագահը պաշտօնապէս յայտարարեց, որ իրենց բնաւ պէտք չեն օպերա, բալէտ, կրկէս։ Մեր հանրապետութեան նախկին նախագահն այդքան անկեղծ չեղաւ, նա բաւարարուեց՝ յայտարարելով, որ մշակոյթի դաշտն ազատ կը թողնենք, թող ինքնին զարգանայ։ Սրան ի պատասխան մեր մշակութային եզակի գործիչներից մէկը՝ պարուսոյց Գագիկ Գինոսեանը, իրաւացիօրէն նկատեց, որ ազատ թողնուած դաշտում մոլախոտ է աճում։ Հէնց այդպէս էլ եղաւ։ Հայաստանեան մշակոյթի ոլորտում այսօր մոլախոտն աւելի շատ է։ Ծաղկեց այսպէս կոչուած էժանագին շօու-բիզնէսը՝ թուացեալ շքեղ փայլով պչրուած, ձեւաւորուեց իշխանութիւններին մօտ կանգնած եւ արուեստի հետ ոչ մի կապ չունեցող, սակայն լրատուամիջոցների առաջին շարքում գտնուող մշակութային օլիգարխիա, հեռուստաեթերը հեղեղուեց ցածրաճաշակ ու գռեհիկ հաղորդումներով, սերիալներով ու տեսահոլովակներով։ Իսկ արուեստի դասական ձեւերը, մեր ազգային մշակութային ժառանգութիւնը յայտարարուեցին պակաս կարեւոր ու յայտնուեցին լուսանցքում՝ ամենախղճուկ ֆինանսաւորմամբ Մեր ամբողջ ցաւն այն է, որ որոշում ընդունողների մեր ընտրեալ դասը մշտապէս եղել է մշակոյթից, մեղմ ասած, հեռու։ Մեր փողաւորների համար եւս իրական մշակոյթը գոյութիւն չունեցող մի բան է։ Իսկ ով իսկապէս մտահոգ է մեր մշակոյթի պահպանմամբ ու զարգացմամբ, նրա ձեռքին էլ չկայ ո՛չ իշխանութիւն, ո՛չ փող։

Պատկերը միեւնոյնն է նաեւ հայ Սփիւռքում։ Խօսքը տամ սփիւռքահայ դերասան եւ բեմադրիչ Պերճ Ֆազլեանին։ Նրա Վրաններ պողոտաներուն վրայ յուշագրութեան մէջ կան հետեւեալ ուշագրաւ եզրայանգումները. Սփիւռքահայ ղեկավարութիւնը դրամական նպաստները կեդրոնացուց ամեն ինչի վրայ, երբեմն արդարացուցիչ, իսկ երբեմն անտեղի, նոյնիսկ կառուցեց եկեղեցւոյ ոսկեպատ գմբէթներ, բայց արուեստի ու մանաւանդ բեմի զարգացման համար միշտ կրկնեց պիւտճէի հարցը...: ... այսօր Ալեք Մանուկեանի մը դիրքին, վարկին ու հարստութեան մէկ հազարերորդին իսկ չարժանացած մարդիկ ոչ միայն արուեստագէտին, այլ նոյնիսկ մշակոյթին ու արուեստին նկատմամբ արհամարհանքով կը մօտենան եւ դժբախտաբար այդպիսի անհատներով այժմ կը ղեկավարուի մեր Սփիւռքը: [...] Ժողովուրդի մը գոյատեւման ողնաշարին գլխաւոր օղակը կը կազմէ մշակոյթը: Երբ կը թուլնայ ու կ՛անհետանայ այդ օղակը, կը քայքայուի նաեւ ողնաշարը ամբողջութեամբ: Մեր ղեկավարութիւնը չգիտակցեցաւ կամ չուզեց գիտակցիլ այս իրողութեան, ուստի այժմ թէ՛ ազգային մշակոյթը, թէ՛ հայ վարժարանները, թէ՛ հայատառ մամուլը կ՛ապրին ճգնաժամային օրեր:

Աւելին ի՜նչ ասես։ Ա՛յս ենք եղել, միշտ եւ ամենուրեք։ Այդ պատճառով էլ ամեն ինչ մեզանում եղել ու մնում է անհատական նախաձեռնութիւնների մակարդակում (Գրիգոր Պըլտեանն էլ է դա իրաւացիօրէն նշում)։ Անհատապէս, այո՛, մենք մշակութային եղել ենք ու կանք, բայց այս իրողութիւնը, ցաւօք, սկսել է խամրել մեր՝ խելացի մշակութային քաղաքականութեան չգոյութեան պատճառով եւ մեր օրերի յոռի երեւոյթների խորքին...

Երեւան

ՀորիզոնԳրական

Դեկտեմբեր 2010


Added: Tuesday, January 04, 2011
Hits: 4244
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.