Middle East Armenian Portal
Home News Forums   Articles   Directory Links Downloads Photos Services Events Calendar About us  
 
Articles > Humour by Gsmit (ԿՍՄԻԹ) > Առաւօտ Լուսոյ

 

Գրեց՝ Կսմիթ

Յատուկ Ազատ-Հայ կայքին

- Բարի՜ լոյս ընկեր Եփրեմ:
- Բարի՜ լոյս օրիորդ այսինքն ընկերուհի Երանուհի: Ի՞նչ նորութիւն կայ:
- Այսօր երեկոյեան ժամը 7-ին ժողով ունինք, չմոռնաք:
- Այսօր ինչ օր է:
- Երկուշաբթի:
- Անկարելի է, չեմ կրնար, շատ կարեւոր գործ ունիմ:
- Սակայն դուք հրաւիրուած էք ժողովի:
- Այսօր փոքերի օրս է, ամեն բան գլխուս թող չփաթթեն: հասկցանք որ ատենապետ եմ:
- Եւ շատ արժանաւոր:
- Շնորհակալ եմ, ստիպեցին եւ ընդունեցի:
- Քանի որ ուրիշ յարմար անձ անկարելի է գտնել:
- Ինչ ընենք, զոհողութիւնը այդ կը պահանջէ: Օրակարգերը շա՞տ են:
- Մի քանի հատ:
- Մէյ մը կարդա՛ տեսնեմ:
- Կեդրոնի շէնքին տնօրէնին հարցը: 
- Ի՞նչ եղեր է:
- Կէս թոն մազոթ լեցնել կու տայ, մէկ թոնի ստացագիր կը ներկայացնէ:
- Ուրիշ:
- Շէնքին վարձակալներուն ստացագիրները կը կեղծէ:
- Ուրիշ:
- Այլ եւ այլ ծախսեր շատ չափազանցուած են:
- Հարկաւոր է ազդարարել:
- Մէյ մը ըրինք:
- Վերջին զգուշացում:
- Այդ ալ ըրինք:
- Ուրեմն կախակայել:
- Այդ ալ եղաւ:
- Վտարել:
- Չորս ամիս առաջ վտարեցինք:
- Ուրեմն հոս ինչ գործ ունի:
- Ներում շնորհուեցաւ:
- Ընտանիքի տէր է: վնաս չունի:
- Դարձեալ կանչեցինք, պաշտօնի բարձրացում տուինք եւ ամսականը բարձրացուցինք:
- Չեմ հաւատար: Ո՞վ է ծանօթը կամ միջնորդը:
- Դուք, ընկեր Եփրեմ:
- Յաջորդ օրակարգը:
- Գանձիչի պարագան:
- Ան ի՞նչ ըրեր է:
- Ինչ պիտի ըլլայ, կրկնակի կեղծ ստացագիրներ, վրան ալ շէնքի կառատունեն պահակին եւ տնօրԷնին օգնութեամբ ինքնաշարժներէն պենզին գողցեր է:
- Անոր ծանօթը ո՞վ է:
- Ձեր տիկնոջ քոյրը:
- Յաջորդ օրակարգը:
- Գեղարուեստական յանձնախումբի պատասխանատուն վիրջին ցուցահանդէսէն աւելցած գեղանկարները բոլորը իր տունը տարեր է:
- Գնե՞ր է:
- Ոչ, ապահովութեան համար, որ ուրիշը չգողնայ:
- Քանի՞ գեղանկար է:
- Ըստ ցուցակին 14 հատ:
- Անմիջապէս ետ բերել տալ:
- Ըսինք, բայց ինք կը պնդէ թէ 12 հատ են:
- Երկու հատը ո՞ւր շոգիացեր են:
- Ձեզի նուիրած է:
- Յաջորդ օրակարգը:
- Մի քանի ոչ այնքան կարեւոր եւ աննշան հարցեր կան, որոնք կարելի է յետաձգել յաջորդ նիստին:
- Շատ ճիշդ որոշում է, բայց ի՞նչ են:
- Խոհանոցէն պնակեղէն եւ գաւաթներ պակսեր են:
- Շատ բարակին մի նայիր:
- Պահարանէն թուղթի կապոցներ եւ գիրքեր:
- Թերեւս փոխ առնուած են:
- Գրադարանէն գիրքեր:
- Գիրքի գողութիւնը ներելի է:
- Յետոյ անընդհատ արտասահման հեռաձայնել:
- Թերեւս անհրաժեշտ է:
- Մնաց վերջին օրակարգը որ կարելի չէ յետաձգել, քանզի շատ հրատապ հարց է:
- Միայն թէ երկար չտեւէ:
- Ո՛չ, ո՛չ, մի մտահոգուիք, սովորական երեւոյթ է:
- Ըսէ՛ տեսնենք ի՞նչ է եղեր:
- Ինքնակոչ խմբագիր մը բանագողութիւն ըրեր է:
- Ինչի՞ գողութիւն ըրեր է:
- Ուրիշի մը գրութեան տակ իր անունը ստորագրած է:
- Բուն գրողը ծանօ՞թ է:
- Շատ, բայց մահացած է:
- Ուրեմն վնաս չունի, ո՞վ պիտի գիտնայ:
- Տեղէ մըն ալ թարգմանութիւն մը արած է, անշուշտ կէս կատար, տակն ալ որպէս հեղինակ իր անունը դրած է դարձեալ:
- Է, հեղինակը ո՞ղջ է:
- Դժբախտաբար, այո՛:
- Ուրեմն կ՛սենք թէ ան թարգմանած է:
- Ուրիշ բան մըն ալ ըրած է, որ մարդու խելքը չի հաւատար:
- Ի՞նչ է:
- Չորս հինգ տարբեր գրութիւններէ մէկական պարբերութիւն գողցած է:
- Եւ վստահաբար համով աղցան մը գոյացած է:
- Ինչ պետք է ընել:
- Շքանշան կախել, պատուել, մեծարել եւ անյապաղ մրցանակ շնորհել:


Added: Thursday, March 10, 2011
Hits: 3401
Comments: 0
[ Back to Article Index | Post Comment ]


        Print
 
Bookmark and Share


Announcements
Azad-Hye Diary
UAE Armenians


















   

Home · News · Forums · Articles · Directory · Links · Downloads · Photos · Services · Diary · Events Calendar · About Us

Copyright © Azad-Hye, 2003-2009. All Rights Reserved.